«Հայտնի արձակագիր Լևոն Ջավախյանը չափազանց վտանգավոր է համարում լեզվի պետական տեսչությունը լուծարելու` կառավարության մտադրությունը: Նա դա որակում է որպես քայլ` ընդդեմ հայոց լեզվի:


Մեր զրույցում գրողը մտահոգություն էր հայտնում լեզվի պետական տեսչությունը լուծարելու փորձերի մասին, որն էլ ներկայացնում ենք ստորև:


-Հասկանում ենք, որ երկրի ֆինանսական վիճակը վատ է: Դպրոցներ են փակում, որ իրենք չեն բացել, գյուղեր են փակում, որ իրենք չեն հիմնել, հիմա էլ բանը հասել է լեզվի պետական տեսչությանը: Եթե ֆինանսական վիճակը վատ է, պիտի որ արգելեն մարդկանց հաց ուտելը, ինչպես որ ծխելն են ուզում արգելել:


Լեզուն ի՞նչ բան է: Լեզուն հայրենիք է: Հայրենիքը նախ հողային տարածքն է, դրա վրայի մարդը, ապա` լեզուն: Այդ երեքի հանրագումարն է հայրենիքը: Սրանք արդեն ուզում են հայրենիքի մի մասը թրատեն, սրատեն: Մեր ժողովրդի մեջ առաջ ռուսամոլություն էր, հիմա նաև եվրոպամոլություն ու ամերիկամոլություն: Եթե լեզվի տեսչությունը չլինի, վերահսկողություն չիրականացվի, շատերն իրենց գործունեության մեջ, իրենց գրագրություններում,  բիզնեսում տուրք պիտի տան անգլերենին կամ ռուսերենին:


Ես չեմ թաքցնում, որ վարչապետի նկատմամբ համակրանք եմ ունեցել և իմ հարցազրույցներում էլ արտահայտել եմ, բայց, ինչպես հասկանում եմ, իր բիզնես մտածողության մեջ հայեցի մտածողությունը չի տեղավորվում, մարդը այդ առումով կարծես բարդույթներ ունի, և եթե այսպես շարունակի, ինձ նման բարեկամից ինքը կստեղծի իր լավագույն թշնամուն: Լեզվի տեսչությունը չի՞ աշխատում, աշխատեցրու: Դա խիստ անհրաժեշտ կառույց է: Իմ կարծիքով՝ լեզվի տեսչությունը ոչ թե պիտի լուծարել, այլ իրավունքները ընդլայնել, որովհետև հայերենը վտանգված է առավել, քան երբևէ. հեռուստատեսությունը հայերեն չի խոսում, պատգամավորները մոռացել են` հայերենն ինչ բան է, ամենուր ոչ հայերեն գրություններ են: Լեզուն տեր պիտի ունենա և այդ տիրությունը պետք է լեզվի տեսչությունն անի»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել