Կազմակերպիչներից շատերը ծանոթ չէին մեր մշակույթին, մարդիկ կային, որ մտածում էին, թե մուսուլմանական երկիր ենք. վաղը կկայանա «ՄԻՍՍ ԱՊՀ»  գեղեցկության միջազգային մրցույթըLife.panorama.am-ը գրում է.
 Վաղը` հունիսի 6-ին, Երեւանում կկայանա «ՄԻՍՍ ԱՊՀ»  գեղեցկության միջազգային մրցույթը, որին մասնակցում են ԱՊՀ անդամ երկրների 20-25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։

Life.panorama.am-ի հետ զրույցում մրցույթի համահիմնադիր, կազմակերպիչ եւ «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալության տնօրեն Նաիրի Մնացականյանը պատմեց «ՄԻՍՍ ԱՊՀ»  գեղեցկության միջազգային մրցույթը Հայաստանում անցկացնելու նախապատմության մասին:

«Դեռ անցյալ տարի ծնվեց «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը Հայաստանում անցկացնելու գաղափարը: Շուրջ մեկ տարուց ավելի բանակցություններ էին տարվում հիմնականում մոսկովյան «Топ модель России» և «Российская красавица» համառուսական մրցույթների կազմակերպիչ «Ալեքս Գրուպ» ՍՊԸ պրոդյուսերական կենտրոնի հետ: Ասեմ, որ պայմանավորվածություն կար, որ մրցույթը պետք է անցկացվեր Ղազախստանում, սակայն ես առաջարկեցի մեզ մոտ այն իրականացնել: Չեմ թաքցնի, սկզբում թերագնահատում էին, կասկածներ հայտնում, որ Հայաստանն այնքան էլ զարգացած չէ նման մրցույթի համար, չկան համապատասխան պայմաններ, որոնք էլ ինձ էլ ավելի շահագրգռեցին պայքարել եւ «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթը բերել Հայաստան: Մենք կարողացանք դա իրականացնել այն դեպքում, երբ կազմակերպիչներից շատերը ծանոթ չէին մեր մշակույթին եւ անգամ չէին լսել մեր երկրի մասին, մարդիկ կային, որ մտածում էին, թե մուսուլմանական երկիր ենք: Ես չափազանց ոգեւորվեցի այդ խոսակցություններով, ամեն ինչ արեցի, որպեսզի նրանք ծանոթնանան մեր երկրին ու հասկանան, որ իրենց ունեցած տեղեկությունները թյուր են ու ինֆորմացիայի պակասի հետեւանք»,- նշեց կազմակերպիչն ու հավելեց.

«Սա նաեւ մեծապես կնպաստի Հայաստանում տուրիզմի զարգացմանը, քանի որ արդեն իսկ Հայաստանում են գտնվում տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ իրենց մասնագետներով, ԶԼՄ-ների ներկայացուցիչներով եւ այլն»:

 «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթին մասնակցում են հետխորհրդային երկրները՝ բացառությամբ Ադրբեջանի, Տաջիկստանի եւ  Մոլդովայի:

25 գեղեցկուհիները վերջին օրերին ոչ միայն մեծ պատասխանատվությամբ պատրաստվում են մրցույթին, այլեւ հետաքրքիր ժամանակ անցկացնում.

«Քանի որ հյուրընկալող երկիր ենք, մենք փորձում ենք ամեն ինչ անել բարձր մակարդակով եւ հնարավորինս անթերի: Մենք նպատակ ունեինք, որպեսզի Հայաստանը էլ ավելի ճանաչելի դարձնենք եւ այդ ուղղությամբ հենց սկզբից քայլեր ձեռնարկեցինք: Նախ նրանք Հայաստան ժամանեցին Գյումրիի օդանավակայան, վերջին օրերին նրանք եղել են Խոր Վիրապում, Ջերմուկում, Արենիում, Սեւանում, տարբեր մշակութային կենտրոններում եւ եկեղեցիներում: Երեկ նրանք այցելեցին նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Եվ այս ամենը լուսաբանվում է իրենց երկրների լրատվամիջոցների կողմից: Այս ամենին զուգահեռ շատ խիտ գրաֆիկով փորձեր են անցկացվել, որպեսզի շոուն լինի դիտարժան ու տպավորիչ»,- նշեց Նաիրի Մնացականյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել