Yerkiram-ը գրում է.

 Հնարավոր է` տարեկան հսկայական գումարների ներհոսք լինի` Հայաստանում ֆիլմեր նկարելու. Արմեն Ամիրյան

ՀՀ կառավարության` մայիսի 25-ի որոշմամբ` մի շարք ընկերություններ, այդ թվում` «Հայֆիլմը» կմասնավորեցվի:

Yerkir.am-ը հետաքրքրվեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից, թե, փաստորեն, պետության համար մեծ ֆինանսական բե՞ռ է «Հայֆիլմը» պահելը, քանի որ այն վերջերս էր պետականացվել: Ի պատասխան նա նշեց, որ երբ «Հայֆիլմը» վաճառվել էր, արդեն սեփականատեր ուներ և գտնվում էր պետգույքի կառավարման վարչությունում, այսինքն` նոր որոշում չի եղել` այն մասնավորեցնելու, միայն ցուցակներն են թարմացվել:

«Մշակույթի նախարարությունը որևէ կապ չունի դրա հետ: Մենք հիմա մշակում ենք կինոյի զարգացման հայեցակարգ, ըստ որի` կինոն պետք է զարգանա այն աստիճան, որ մասնավորն էլ ներդրում անի` տեխնիկական միջոցներ բերեն Հայաստան, ստուդիաներ կառուցեն: Այսինքն` համաձայն օրենքի և այն պայմանների, որ մենք նախատեսում ենք, հնարավոր է, որ տարեկան հսկայական գումարների ներհոսք լինի` Հայաստանում ֆիլմեր նկարելու, քանի որ շատ շահեկան պայմաններ ենք առաջարկում»,- ասաց նախարարը:

Նա հավելեց, որ չի ուզում փակագծերը շատ բացել, բայց մի փոփոխության մասին կարող է խոսել` արտասահմանյան կինոնկարահանումների համար ներդրումների 20 տոկոս վերադարձ կլինի: Ի դեպ, գումարը կվերադարձվի նույն տարվա ընթացքում, որպեսզի այդ գումարը ևս ծախսվի Հայաստանում: «Շահեկան պայմաններ ստեղծելով` մենք կարող ենք շահագրգռել նաև ներդրողներին, մասնավոր ընկերություններին, որպեսզի ստեղծվի արտադրական բազա: Սակայն այս ամենից առաջ մենք մտածում ենք կրթական համակարգի մասին, որովհետև այսօր մենք ֆիլմարտադրության համար շատ ցածր մակարդակ ունենք: Եթե կան էլ որակյալ մասնագետներ, ապա նրանք չեն տիրապետում օտար լեզուների, ուստի նախատեսում ենք իրականացնել երկամյա դասընթացներ` անգլերենով: Այսինքն` մի քանի ուղղություններ կան, որոնց վրա պետք է աշխատենք` կրթական դաշտը կարգավորենք, օրենքով կարգավորենք արտասահմանյան ներդրումների դաշտը»,- ասաց նախարարը:

Հարցին, թե կինոկենտրոնի ճակատագիրն ի՞նչ է լինելու, և որքանո՞վ է արդյունավետ եղել կենտրոնի գործունեությունը, Ամիրյանը պատասխանեց, թե գնահատականներ տալ չի ուզում: «Շատ շուտով մենք կհայտարարենք ֆիլմ հանձնակատարի ինստիտուտի ստեղծման մասին: Այն կոչված է ապահովել խնդիրները, որոնց մասին արդեն ասացի: Երբ այս ամենը լինի, արտասահմանյան ֆիլմարտադրողների համար Հայաստանը լինելու է հետաքրքիր և շահեկան տեղ»,- ասաց նախարարը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել