Հունիսի 8-ին կկայանա Տիմատի անվճար մենահամերգը։ Այս մասին երգիչը վիդեոուղերձով հայտնել էր իր Ինստագրամի էջում: Այսօր լրագրողների հետ զրույցում համերգի կազմակերպիչ Jet Set ընկերությունը մանրամասներ է հայտնել կայանալիք համերգից: 

«Համերգային ծրագրի փոփոխություն է լինելու, այն ավելի երկար կտևի նախատեսվածից, ավելի մասշտաբային է լինելու: 1 ժամ 40 րոպե տևողությամբ համերգ է լինելու բոլոր երևանցիների և Տիմատիի երկրպագուների համար»,-նշում է Jet Set ընկերության համերգի կազմակերպիչ Արմինե Խախամյանը։

Կազմակերպիչները նշում են, որ համերգից առաջ ռուս DJ է նվագելու, որից հետո Տիմատին կբարձրանա բեմ: Իսկ այն հարցին՝ արդյոք չի կրկնվի նախորդ համերգի խնդիրը, պրոդյուսեր Արմեն Մովսեսյանը պատասխանեց. «Առհասարակ, ֆորս մաժորների համար չեն կարող երաշխիքներ լինել։ Հավատացնում ենք, որ հունիսի 8-ին լավ համերգ է սպասվում»:

Անդրադառնալով նախորդ համերգի պատճառներին՝ ընկերության տնօրեն Արմեն Ալեքսանյանը նշեց. «Թե ով էր մեղավոր, ոչ ոք չի կարող ասել։ Շատ մարդ կար, ովքեր կարող էին ջուր լցնել բեմի վրա, որի արդյունքում ջուրը թափվել էր հիշողության կրիչի վրա, և այն վառվել էր: Փոփոխելու ժամանակ չէր եղել, քանի որ այնտեղ մի ամբողջ ծրագիր էր հավաքված: Մեզ համար էլ դա տհաճ միջադեպ էր: Իսկ ամսի 8-ին կկայանա աննախադեպ համերգ, առաջին հերթին նրանով, որ Երևանում այսքան որակով ձայնային տեխնիկա չի եղել»: 

Կազմակեպիչները նշում են, որ վնասներ կրել են. վնասվել է տեխնիկան, այլ մանրամասներ չեն ցանկանում նշել: Վնասներից չեն ուզում խոսել, փոխարենը հավատացնում են, որ ամսի 8-ին հրաշալի համերգ է սպասվում: 

Խոսելով տոմսերի գումարի վերադարձման մասին՝ Արմեն Ալեքսանյանը նշեց. «Դա շատ վիճելի հարց է. կան մարդիկ, ովքեր շնորհակալություն են հայտնում, որ երկուսուկես ժամ նայել են հիանալի համերգ, կան, իհարկե, հակառակը պնդողները: Հատուկ դժգոհների և գոհերի համար կազմակերպում ենք անվճար համերգ: Համերգը կայացել է, եղել է ֆորսմաժորային իրավիճակ, որի արդյունքում չի կարող գումար վերադարձվել: Իսկ հիմա եռապատիկ գումար է ծախսվում, որ հունիսի 8-ի համերգը տեղի ունենա»:

 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել