Օրերս Սևակ Խանաղյանն իր հանրահայտ «Не молчи» երգի հիման վրա նոր տեսահոլովակ է թողարկել: Սովորաբար տեսահոլովակներն են հայտնի դարձնում երգիչների երգերը, սակայն այս դեպքում ամեն ինչ հակառակն է. երգն արդեն իսկ հանրահայտ հիթ է, իսկ տեսահոլովակը նկարահանվում է երգի պրեմիերայից տարիներ անց:

Պարզելու համար տեսահոլովակ նկարահանելու առիթը՝ BlogNews.am-ը կապ է հաստատել Սևակ Խանաղյանի պրոդյուսեր Ալբերտ Վարդանովի հետ, ով էլ մեր հարցադրմանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ «Не молчи»-ն տեսահոլովակի արժանի երգ է: Երգի պատմությունը շատ վառ և տպավորիչ է, ուզում էինք, որ լիներ նաև երգի վիդեոմեկնաբանությունը»:

Տեսահոլովակի ստեղծման պատմության մասին խոսելիս Ալբերտ Վարդանովը նշեց, որ նկարահանումները մեկ օրում են կատարվել. «Նկարել ենք Կիևում: Տեսահոլովակի պրոդյուսերը Եկատերինա Մալայան է, ռեժիսորը՝ Տարաս Գոլուբկովը, իսկ գլխավոր հերոսուհուն մարմնավորել է մոդել Լերա Լևինսկին: Ի դեպ՝ հենց Եկատերինա Մալայան ուկրաինական մի քանի շատ հայտնի ռեժիսորների պրոդյուսեր է, ովքեր աշխատում են բավականին հանրահայտ արտիստների հետ, ինչիպիսին, օրինակ, ուկրաինական հայտնի երգիչ Մոնատիկն է: Տեսահոլովակի գաղափարն ու սյուժեն որոշվեցին ռեժիսորի հետ հանդիպման ժամանակ, ընտրեցինք նկարահանման օրն ու ստեղծեցինք տեսահոլովակը»:

Այն հարցին, թե տեսահոլովակի հերոսուհուն՝ մոդել Լերա Լևինսկուն, ինչ սկզբունքով են ընտրել, Սևակ Խանաղյանի պրոդյուսերն ասաց, որ դա եղել է տեսահոլովակի ռեժիսորի որոշումը. «Ընտրվել է այնպիսի աղջիկ, որի կերպարը համապատասխանում էր հոլովակի բովանդակությանը: Լերան նաև դերասանական արվեստի մեջ է որոշակի քայլեր անում, բայց այս պահի դրությամբ նա շատ պահանջված ու հայտնի ֆոտոմոդել է Ուկրաինայում: Համոզված եմ, որ նա դեռ շատ հոլովակներում է հայտնվելու ու, ինչու չէ, նաև ամսագրերի շապիկներին: Վառ, հաճելի աղջիկ է, միանգամից հասկացավ ու շատ լավ կատարեց իր առջև դրված խնդիրը»:

Զրույցի վերջում Սևակ Խանաղյանի պրոդյուսերից հետաքրքրվեցինք նաև՝ ինչ զգացություններով են նրանք ամեն անգամ համերգից հետո հեռանում Հայաստանից. «Կատարյալ հիացմունքով։ Մենք այնքան գոհ ենք հայաստանյան հանդիսատեսից, թե ինչպես են մեզ ընդունում, ինչպես են սպասում մեր ելույթներին: Ամեն ինչ անում ենք, որ պահպանենք այդ բարձր նշաձողը և երբեք հուսախաբ չանենք Սևակի արվեստը գնահատող ու սիրող հանդիսատեսին»,- զրույցի վերջում նշեց Ալբերտ Վարդանովը:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել