Հունիսի 4-ից ԱԹիՎ-ի հեռուստաընկերությունը եթեր կհեռարձակի նոր՝ իր տեսակի մեջ եզակի, «Հայելուկ» մանկական հաղորդաշարը: Հաղորդման նպատակն է բացահայտել արտերկրում ապրող տաղանդավոր հայ երեխաներին: Նախագծի հեղինակներն են սցենարիստ Օֆելյա Աստվածատրյանը և ռեժիսոր Հրաչյա Մեսրոպյանը, իսկ հաղորդումը վարում է Լիլիթ Մռավյանը: BlogNews.am-ի հետ զրույցում Օֆելյա Աստվածատրյանը որոշակի մանրամասներ է ներկայացրել հաղորդման մասին՝ չբացելով փակագծերը:

 

«Մեր նպատակն է հեռուստադիտողին ներկայացնել արտերկրում ապրող հայ երեխաների անցած ճանապարհը՝ ինչպես է նրանցից յուրաքանչյուրը իր բնագավառում հաջողության հասել հայրենիքից հեռու: Նրանց մի մասին հայ հեռուստադիտողը ճանաչում է տարբեր հեռուստանախագծերից, մյուսներին էլ կբացահայտենք մեր հաղորդման միջոցով»:

 Հայելուկի հաղորդավարուհին Լիլիթն է, ով ապրում է Ռուսաստանում: Տասներեք տարեկան Լիլիթը զբաղվում է երգարվեստով, ունի բազմաթիվ երգեր, տեսահոլովակներ, սակայն նրա մասինՀայաստանում ոչ բոլորը գիտեն: «Լիլիթի ընտրությունը պատահական չէր: Արդեն առիթ ունեցել ենք նրա հետ համագործակցելու և հասկացել ենք, որ նա համապատասխանում է մեր հաղորդման ձևաչափին, քանի որ, ըստ մեր ստեղծագործական խմբի, երեխաներն ավելի պարզ և անկեղծ զրույց կվարեն իրենց հասակակցի հետ: Լիլիթն այն տաղանդավոր երեխաներից մեկն է, ով նույնպես մեծ հաջողությունների է հասել արտերկրում»,- նշում է Օֆելյան:

Շատ չբացելով փակագծերը՝ Օֆելյան միայն նշեց, որ անդրանիկ թողարկման հերոսուհին hենց Լիլիթն է: Իսկ այն հարցին՝ ինչու Հայելուկ, Օֆելյան բացահայտեց. «Անվանումը պատահական չենք ընտրել: Հայելուկը բաղկացած է հայ և ելուկ բառերից: Իսկ ելուկը հայերեն բառ է, որը նշանակում է մեկ սոցիալական խմբից մյուսին անցած մարդ»

Նշենք, որ հաղորդումը եթերում է լինելու յուրաքանչյուր կիրակի:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել