«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Ամեն տարի մայիսի 31-ին նշվում է Ծխելու դեմ պայքարի օրը: Ամեն տարի այդ օրը կազմակերպվում են ասուլիսներ, խոսվում է ծխելու վնասների, հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին և այլն: Ինձ չի թվում, որ այս տարի ինչ-որ արտառոց կամ վիճելի բան ասվեց: (Ուրիշ հարց, որ կրկնվող ձևակերպումները գործերի չեն վերածվում): Պարզապես այս սեզոնին ֆեյսբուքահայությունն այնքան պարապ էր մնացել, որ սկսեց քննարկել այս ստանդարտ խոսքերը՝ առաջ քաշելով տարաշխարհիկ վարկածներ: Մասնավորապես, Հայաստանում պայքարում են ծխելու դեմ, որովհետև «օրթաղ» գործ են բռնել «Ֆիլիպ Մորիսի» հետ, որն ուզում է մեր ժողովրդի վրա էլեկտրոնային սիգարետներ ծախել: Բայց ոչ մի մասնագետ և ոչ մի պաշտոնյա թե՛ Հայաստանում և թե՛ որևէ այլ երկրում չի ասել ու չի ասելու, որ էլեկտրոնային ծխախոտը վնասակար չէ` ի տարբերություն սովորականի: Ծխելու դեմ պայքարողները պայքարում են բոլոր տեսակի սիգարետ ծխելու դեմ:

Դավադրության տեսություններն ընդհանրապես հատուկ են մեր ազգին, բայց՝ հատկապես ֆեյսբուքում: Օրինակ՝ մարդիկ համոզված են, որ փակ տարածքում, հասարակական վայրում ծխելն արգելելու դեպքում ինչ-որ օլիգարխ շահելու է: Բայց իրականում սրճարանների, ռեստորանների սեփականատերերը տուժելու են: Եվ հենց այդ պատճառով էլ կարծում եմ, որ այդ արգելքը չի գործելու, իսկ եթե ես բողոքեմ, որ իմ կողքի սեղանին ծխում են, ապա թե այդ ծխողը և թե «օբյեկտի տերը» ինձ խիստ կհանդիմանեն՝ «դու հո գործ տվող չե՞ս»։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել