Image result for пальмира русскиеՍ.թ. մարտի սկզբին սիրիական կառավարական ուժերի և նրանց դաշնակիցների կողմից Պալմիրա պատմամշակութային քաղաքը «Իսլամական պետություն»(ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներից երկրորդ անգամ ազատագրելուց հետո ռուսական օդատիեզերական ուժերի ստորաբաժանումներն իրենց անմիջական վերահսկողության ներքո են վերցրել քաղաքի անվտանգությունը: Ինչպես Պալմիրայի դեմ իսլամականների կողմից պարբերաբար նախաձեռնվող հարձակումներին դիմագրավելու գործողություններն, այնպես էլ արևելյան ուղղությամբ սիրիական կառավարական ուժերի առաջխաղացման փորձերը գրեթե միշտ ուղեկցվում են ռուսական օդուժի առաջնորդող գրոհներով: Պալմիրայի ռազմավարական և քարոզչական նշանակությունը քաջ գիտակցվում է հակամարտ ուժերից յուրաքանչյուրի կողմից, այդ իսկ պատճառով ԻՊ-ը ևս ժամանակ առ ժամանակ անակնկալ գրոհների միջոցով փորձում է առաջընթաց գրանցել քաղաքի ուղղությամբ, ինչը, սակայն, դեռևս շոշափելի հաջողությունների չի հանգեցրել: Քաղաքի դեմ իսլամականների վերջին մասշտաբային հարձակման փորձն արձանագրվել է անցյալ շաբաթվա ավարտին, երբ Սիրիայում ԻՊ-ի ֆորմալ կենտրոնը հանդիսացող ալ-Ռակա քաղաքից կառույցի զինյալների մեծաքանակ ավտոշարասյունն ուղղվել է Պալմիրայի ուղղությամբ: Իսլամականների անակնկալ գրոհը հաջողությամբ կանխվել է հատկապես ռուսական օդատիեզերական ուժերի տարաբնույթ ստորաբաժանումների կողմից, որոնց հասցրած հարվածներից, տարբեր տվյալներով, շարքից դուրս է եկել ԻՊ-ին պատկանող ավելի քան 3 տասնյակ ավտոմեքենա, և սպանվել 120 զինյալ: Բացի վերոնշյալից՝ ուշագրավ է, որ Պալմիրայի նկատմամբ առանձնահատուկ ուշադրությունը ռուսական կողմը ցուցադրել է նաև նախօրեին՝ միջերկրածովյան ՌԾՈՒ խմբավորման ռազմանավերից քաղաքից դեպի արևելք շարժվող սիրիական կառավարական ուժերի գրոհն առաջնորդելով Калибр տեսակի թևավոր հրթիռների արձակմամբ: Գործողության մասին «տաք գծով» նախապես տեղեկացվել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իսրայելի պաշտպանական գերատեսչությունները, իսկ դրա «հաջող ընթացքի» մասին ՌԴ ՊՆ Ս. Շոյգուն անձամբ զեկուցել է երկրի նախագահ Վ. Պուտինին: Ռուսական կողմի այս ռազմագործողությունը կարևոր է ինչպես հոգեբանական, այնպես էլ ռազմավարական տեսանկյունից, քանի որ այդկերպ Մոսկվան հերթական անգամ ներկայացնում է ինչպես Պալմիրայի ճակատագրի հետ կապված սեփական շահագրգռվածությունն, այնպես էլ նման ռազմական մանևրի միջոցով ի ցույց է դնում իր իսկ ռազմական հնարավորութունների բազմազանությունը մերձավորարևելյան ակտիվ հակամարտությունների շրջանակում:

Հ.Գ. Գրառմանը կցված տեսանյութերում վերոնշյալ 2 ռազմագործողությունների տեսագրություններն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել