Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով BlogNews.am-ը հյուրընկալվել է ATV հեռուստաալիքով ցուցադրվող «Եթե գտնեմ քեզ» սերիալի գլխավոր հերոսուհու՝ Աննային մարմնավորող 11-ամյա Անիտա Մկրտչյանի տանն ու պարզել՝ ինչպիսին է իրական կյանքում էկրանի վրա դժբախտ ու տառապած աղջնակի մանկությունը:

«Իրական կյանքում ես ունեմ ամեն ինչ` երջանիկ երեխա լինելու համար: Ունեմ ամուր ու համերաշխ ընտանիք՝ ինձ շատ սիրող հայրիկ ու մայրիկ, չորս տարեկան եղբայր ու 16 տարեկան քույր»,- ասում է Անիտան, ով արդեն 8 ամիս է՝ մարմնավորում է մի աղջկա, ով երբեք չի վայելել երջանիկ ընտանիքի ուրախությունը և ապրում է մանկատանը: Աննայի դերի համար Անիտան լուրջ քաստինգ է հաղթահարել: Մոտ 200 մասնակից աղջիկներից ֆիլմի ստեղծագործական կազմը հենց իրեն ընտրեց. «Պարի էի, երբ պարի դպրոց եկան մի խումբ մարդիկ ու ասացին, որ նոր ֆիլմի համար դերասանուհի են փնտրում: Արդեն երեկոյան մայրիկիս զանգեցին ու առաջարկեցին, որ ես մասնակցեմ քասթինգին: Առավոտյան մայրիկիս հետ գնացի հեռուստատեսություն, որտեղ ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը ինձ մի քանի հարց տվեցին: Հաջորդ օրը ինձ ու հայրիկիս հրավիրեցին հեռուստատեսություն և ասացին, որ գլխավոր դերի համար ինձ են ընտրել»:

 

Անիտայի համար սա դեբյուտային դեր է, նախկինում աղջիկը ոչ մի տեղ չի նկարահանվել: Սակայն, ինչպես ինքն է նշում, ստեղծագործական խմբի շնորհիվ շատ կարճ ժամկետում այնպես հարմարվեց տեսախցիկներին, որ գրեթե բոլոր տեսարաններում նկարահանվում է մեկ դուբլով:  

 

Ասել, որ Անիտան բազմաշնորհ երեխա է, սխալված չենք լինի: Բացի ֆիլմում նկարահանվելուց՝ աղջիկը նաև պարում է, նկարում, զբաղվում է մարմնամարզությամբ: Այս ամենի հետ մեկտեղ Երևանի Չարենցի անվան դպրոցի աշակերտուհին ունի բարձր առաջադիմություն:  

«Նկարել սկսել եմ շատ փոքր տարիքից: Մի օր էլ որոշեցի ու ինքնուրույն գնացի և գրանցվեցի մեր թաղամասի մշակույթի կենտրոնի կերպարվեստի խմբում: Որոշ ժամանակ անց, երբ հավաքվեցին մի քանի աշխատանքներ, կենտրոնի ղեկավարությունը ցուցահանդես կազմակերպեց, և որպես լավագույն աշխատանքներ՝ իմ նկարները ցուցադրվեցին»:

Անիտան հրաշալի է նկարում. շնորհալի աղջկա աշխատանքների մեջ կարելի է տեսնել ինչպես բնապատկերներ ու նատյուրմորտներ, այնպես էլ հայ հայտնիներից շատերին:

Անիտան նաև ֆուտբոլ է խաղում, գիտի խաղի բոլոր կանոնները: Սիրելի ֆուտբոլային ակումբը «Real Madrid»-ն է, գիտի բոլոր խաղացողների անունները, սակայն ամենասիրելի ֆուտբոլիստը, անշուշտ, Հենրիխ Մխիթարյանն է: Համադասարանցիների հետ վերջին խաղի ժամանակ նույնիսկ ոտքի վնասվածք է ստացել, բայց ինչպես ինքը նշեց, արհամարհել է ցավն ու մինչև խաղի վերջը խաղացել է: Ի դեպ՝ Անիտան այն աղջիկներից է, որոնց մասին սովորաբար ասում են՝ «Պապայի աղջիկն է»: Ուժեղ կամքով ու նպատակասլաց Անիտան ասում է, որ իր մեջ այս հատկանիշները հենց իր հայրիկի շնորհիվ են ձևավորվել. «Մի քանի տարի առաջ ինչ-որ իրավիճակի հետ կապված ասացի՝ «չեմ կարող»: Այդ ժամանակ հայրիկս ասաց, որ այդ «չեմ կարող»-ը պետք է մոռանալ, ու այն ժամանակ, երբ այլևս այդպես չմտածեմ, ամեն ինչ իմ մոտ կստացվի: Այդ օրվանից երբեք չեմ ասում «չեմ կարող»:

Այն հարցին, թե արդյոք հաճախ են փողոցում կամ դպրոցում ճանաչում իրեն, Անիտան համեստորեն ժպտում է ու անկեղծանում, որ շատ է ուրախանում նման դեպքերում: Սակայն, որքան էլ որ զարմանալի թվա, Անիտան երազում է ոչ թե օսկարակիր դերասանուհի, այլ ինտերիերի լավ դիզայներ դառնալու մասին. «Շատ եմ սիրում գծագրել, նախագծել, այդ ամենը ինձ շատ է դուր գալիս: Չգիտեմ, հետագայում գուցե պլաններս փոխվեն, բայց այս պահին ինձ այդ մասնագիտությունը շատ է գրավում»:

Ընկերների մասին խոսելիս Անիտայի աչքերը փայլում են։ Ասում է՝ շատ ընկերներ ունի թե՛ բակում, թե՛ դպրոցում և թե՛ ֆիլմի նկարահանման հարթակում: Քրոջ հետ էլ է ընկերություն անում, խորհուրդներ հարցնում: Բակային խաղերից սիրում է պահմտոցին, գործնագործն ու վոլեյբոլը, սակայն համակարգիչն էլ տեղ ունի Անիտայի առօրյայի մեջ: Ուտելիքից Անիտան սիրում է մայրիկի պատրաստած ամեն ինչը, սակայն տոլման ու հարիսան ամեն դեպքում առանձնացրեց:

Տնային գործերում Անիտան մայրիկի անփոխարինելի օգնականն է. ինչպես մայրիկն է նշում, սիրում է տան մաքրությամբ զբաղվել, նաև խոհանոցում է հաճախ լինում:

«Հաճախ եմ աղցաններ պատրաստում: Մայրիկս ասում է մթերքների հերթականությունը, ես էլ պատրաստում եմ: Նաև օրվա մեջ մի քանի անգամ հայրիկիս համար սուրճ եմ եփում: Ասում է՝ իմ ձեռքով եփած սուրճը համեղ է, ես էլ սիրով պատրաստում եմ»:

Մեր վերջին՝ «Ո՞րն է Անիտայի ամենամեծ ցանկությունը» հարցին փոքրիկ դերասանուհին պատասխանեց առանց երկմտելու. «Ուզում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի, իսկ բոլոր երեխաները մեծանան սիրով շրջապատված»: 

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել