Երեկ հայտնի դերասաններ Անդոյի և Ռաֆոյի նոր տեսահոլովակի պրեմիերան էր: Տեսակով տարբերվող և ասելիքով աննախադեպ այս հումորային հոլովակը կոչվում է «Դեպուտատի շոու», որի մեջ հումորի լեզվով խոսվում է մեր հասարակության մեջ տարածում ունեցող հասարակական տարբեր տհաճ երևույթներից: Ո՞ւմ է հասցեագրված տեսահոլովակը և ի՞նչ նախագիծ է սա. BlogNews.am-ը զրուցել է դերասան Ռաֆայել Երանոսյանի հետ.
«Իրականում սա ոչ թե տեսահոլովակ է, այլ ներկայացման անոնս: Այն կոնկրետ ոչ մեկի հետ կապ չունի, ոչ մի կոնկրետ մարդու հասցեագրված չէ: Սա իմ, Անդոյի, Ռիչարդի, Արմենի ու Արշոյի պրոյեկտն է, որը մեր նոր ներկայացման նախաբանն է: Ներկայացումը հիմա գրվում է, կոչվելու է «Դեպուտատի շոու», դրա համար էլ տեսահոլովակը հենց այդպես է կոչվում: Հումորային, երաժշտական շոու՝ պարոդիաներով ու բեմադրություններով: Տեսահոլովակի ռեժիսորը Արշոն է, բառերի հեղինակը՝ Արմենը, երաժշտական պրոդյուսերը Ռիչարդն է, ես ու Անդոն էլ դերասան-կատարողներն ենք:
Այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ այս հոլովակը Անդո-Ռաֆո երաժշտական դուետի հիմք հանդիսանա, դերասան Ռաֆայել Երանոսյանն այսպես պատասխանեց. «Ոչ, որպես երաժշտական նախագիծ մենք չենք պատրաստվում ներկայանալ, սա պարզապես ներկայացման նախաբանն է: Իսկ նոր հոլովակներ էլի են լինելու՝ ռոքնռոլ, 6/8 ու էլի տարբեր երաժշտական ժանրերի մեջ: Ներկայացումը հագեցած է լինելու նմանակումներով»:
Քանի որ թե՛ Անդոն և թե՛ Ռաֆոն Երևանի Կամերային թատրոնի դերասաններ են, կարող է կարծիք ստեղծվել, որ այս ներկայացումը թատրոնի նախաձեռնությունն է, սակայն Ռաֆոն նշում է, որ «Դեպուտատի շոու» ներկայացումը ոչ մի առնչություն չունի Կամերայինի հետ. սա առանձին նախագիծ է, որը ներկայացնում են հինգ հոգի՝ Անդրանիկ Հարությունյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ռիչարդ Մադլենյանը, Արշավիր Հարությունյանը և Արմեն Վարդանյանը: Ներկայացումը լինելու է մեծ բեմում, իսկ պրեմիերան նախատեսվում է այս տարվա հոկտեմբերի 10-ին:
Կարճ ժամանակ անց տղաները թողարկելու են հերթական, 6/8 ժանրի մեջ հումորային տեսահոլովակը, որը խոստանում են անել ոչ պակաս լավը, քան առաջին հոլովակը: «Ես նորից եմ նշում՝ այս հոլովակները զուտ ներկայացման անոնսներ են, ու պետք չէ դրանց մեջ փնտրել ինչ-որ ենթատեքստեր կամ մեսիջներ։ Ուղղակի անոնս է, որը մինչև ներկայացման պրեմիերան կհուշի հանդիսատեսին, թե ինչ ներկայացում է լինելու «Դեպուտատի շոուն»,- զրույցի վերջում նշեց Ռաֆոն:
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի