Փարիզի համալսարանը, որ հաճախ պարզապես կոչվում է նաև Սորբոնի համալսարան, Ֆրանսիայի խոշորագույն ուսումնագիտական կենտրոնն է և աշխարհի լավագույն համալսարաններից մեկը:

Սորբոնի համալսարանը Եվրոպայում ամենավաղ ստեղծված համալսարաններից մեկն է. այն հիմնադրվել է 12-րդ դարի կեսերին, իսկ պաշտոնապես որպես համալսարան ճանաչվել է 1160-1250 թվականների միջև ընկած ժամանակահատվածում (ըստ ֆրանսիացի պատմաբանների` դեռևս 1190 թ-ին համալսարանում կանոնավոր դասախոսություններ էին անցկացվում, մինչդեռ եվրոպացի պատմաբանների համոզմամբ` Փարիզի համալսարանը պաշտոնապես սկսել է գործել 13-րդ դարից սկսած, ավելի ստույգ` 1215 թ-ից):

Sorbonne-26-12

1257 թ.-ին Փարիզի հանրահայտ Լատինական թաղամասում աստվածաբան Ռոբեր դը Սորբոնի կողմից հիմնադրվել է Սորբոն աստվածաբանական քոլեջը, որտեղ ուսանողներն ու դասախոսները և՛ սովորում էին, և՛ ապրում: Հետագայում երկու հաստատությունները միավորվել են, իսկ անունը նույնականացվել է, քանի որ այստեղ էլ կարելի էր սովորել` չմտահոգվելով բնակության վայր ունենալու խնդրով:

Սկզբնական շրջանում կրթական հաստատությունում ընդամենը 4 հիմնական ֆակուլտետներ էին գործում. դիմորդները կարող էին մասնագիտանալ արվեստաբանություն, իրավագիտություն, աստվածաբանություն և բժշկություն մասնագիտացումներով: Միջնադարում կրթությունը երկլեզու էր` անգլերեն և ֆրանսերեն, սակայն սովորեցնում էին նաև ժամանակակից այլ լեզուներ (լավ հիմքերի վրա էր դրված նաև լատիներենի ուսուցումը), ինչի շնորհիվ համալսարանն ամենաշատ դիմորդներն ուներ ամբողջ Եվրոպայում:

Sorbonne-26-2

XIII-XVII դարերում Փարիզի համալսարանն արագորեն դարձավ համաշխարհային կրթության հիմնական կենտրոններից մեկը, որտեղ ծաղկում էին ապրում ոչ միայն հոգևոր կրթությունը, այլև փիլիսոփայական միտքն ու գրականությունը: Համալսարանը մեծ համբավ ձեռք բերեց ամենուր, այստեղ սովորելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից:

XVII դարում կարդինալ Ռեշալյեի ջանքերով համալսարանը բարենորոգվեց ու բարեկարգվեց` ընդլայնելով իր մասնագիտացումների ցանկը, սակայն 1789թ.-ի Ֆրանսիական հեղափոխությունից երկու տարի անց` 1791 թ-ին, համալսարանը փակվեց: Սորբոնի համալսարանը վերաբացվեց ուղիղ 30 տարի անց` 1821 թ-ին:


Sorbonne-26-10

1968 թ.-ին Ֆրանսիայում կայացած Ուսանողական հեղափոխությունից հետո համալսարանը երկու տարով փակվել է, ինչից հետո` 1970 թ.-ին, այն վերակազմավորվել է` բաժանվելով 13 ինքնավար համալսարանների, որոնցից յուրաքանչյուրն այսօր ունի իր առանձին անունը և համարը, թեև բոլորի համար մեկ ընդհանուր ռեկտոր է ընտրվում: Համալսարանի ռեկտորին նշանակում է Ֆրանսիայի Հանրապետության նախագահը` Ազգային կրթության նախարարության միջնորդությամբ: Այժմյան ռեկտորն է Մորիս Քենեն, ով կառավարում է 2006 թ-ից:

Ներկայումս Սորբոնի համալսարանի հին շենքում են տեղավորված 4 համալսարան, Փարիզի ակադեմիան և մի շարք այլ ծառայություններ, լաբորատորիաներ, գիտաուսումնական կենտրոններ ու բազմաթիվ ժամանակակից լսարաններ:

Sorbonne-26-1
Այսօր համալսարանն ունի 100-ից ավելի գիտահետազոտական ինստիտուտ ու կենտրոն, բարձրագույն դպրոցներ, 35 գրադարան, ինչպես նաև իրավագիտության, տնտեսագիտության, բնական ու հումանիտար գիտությունների, բժշկության, դեղագործության և այլ ֆակուլտետներ, որոնցում սովորում են ավելի քան 300 հազար ուսանողներ թե՛ Ֆրանսիայից, թե՛ Եվրոպայից, թե՛ աշխարհի տարբեր ծայրերից (ըստ 2010 թ-ի վիճակագրական տվյալների):

Սորբոնի համալսարանը վաղուց արդեն հանրության կողմից ընկալվում է որպես համաշխարհային կարգի գիտելիքների խորհրդանիշ, որպես լավագույն կրթական մոդել ոչ միայն Ֆրանսիայի, այլև եվրոպական բոլոր կրթական համալիրների համար ընդհանրապես: Այն ավելին է, քան պարզապես համալսարան ասվածը. մի քանի համալսարաններ միավորվել են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, այն է` պետք է գերազանց կրթություն տալ բուհում սովորող յուրաքանչյուր ուսանողի, որպեսզի նա կարողանա իր գիտելիքներն օգտագործել Երկիր մոլորակի յուրաքանչյուր հատվածում: Ահա թե ինչ է թաքնված նրանց նշանաբանի` «Այստեղ և ամենուր Երկիր մոլորակի վրա» (լատիներեն` «Hic et ubique terrarum») հետևում:


Բոլոր 13 համալսարանները թեև առանձին են, սակայն օրգանապես կապված են միմյանց հետ, քանի որ ներկայացնում են կրթական մեկ ամբողջ ցանց: Բացի դրանից` յուրաքանչյուր համալսարան իրականացնում է ընդհանուրի շահերից բխող որևէ հատուկ գործառույթ:

Փարիզի համալսարան ընդունվելը հեշտ չէ, քանի որ ազատ տեղեր գրեթե չեն լինում նույնիսկ տեղի ուսանողների համար:

Sorbonne-26-11

Համալսարան ընդունվելու համար պահանջվում է ներկայացնել միջնակարգ կրթության մասին փաստաթուղթ, որը Ֆրանսիայում կոչվում է «բակալավրի վկայական», կամ պարզապես պետք է ներկայանալ: Ընդունելությունը կատարվում է մի քանի ձևով` կախված այն հանգամանքից, թե ինչպիսի ավագ դպրոցում եք սովորել:
Քանի որ Փարիզի համալսարանի բոլոր 13 բուհերն էլ պետական են, հետևաբար գործում է նաև անվճար ուսուցման համակարգը, սակայն ընդունվելուց հետո պետք է ապացուցել, որ բավարար գումար ունեք վճարելու բնակվարձը: Եթե անվճարունակ եք, ապա կարող եք կրթաթոշակ ստանալ: Օրինակ` ամեն տարի օտարերկրյա ուսանողների համար հաստատվում է առանձին կրթաթոշակ` տարեկան շուրջ 15 հազար եվրոյի չափով:

Sorbonne-26-9

Sorbonne-26-8

Sorbonne-26-7

Sorbonne-26-5

Sorbonne-26-6

Sorbonne-26-3

Sorbonne-26-4

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել