Մոմցիլո Գավրիչը, ով պաշտոնապես համարվում է Առաջին աշխարհամարտին մասնակցած ամենաերիտասարդ զինվորը, ծնվել է 1906 թվականի մայիսի 1-ին։ Երբ նա 7 տարեկան էր, նրա ծնողները և 7 քույրերն ու եղբայրները սպանվել են ավստրո-հունգարական զինվորների ձեռքով։ Մոմցիլոյին հաջողվում է փախչել և նա պատահաբար գտնում է Սերբիայի զինված ուժերի զինծառայողներին։ Այդքան վաղ տարիքում երեխան կարողանում է ճշգրտությամբ ցույց տալ հակառակորդների զորքերի տեղը և նույնիսկ մասնակցում է վերոնշյալներին ռմբակոծելու օպերացիային։

Դրանից հետո Գավրիչը մասնակցում է Ցերի ճակատամարտին, ինչից հետո՝ 8 տարեկան հասակում, ստանում է ենթասպայի կոչում։ Հաջող ռազմական ակտիվություն ցույց տալուց հետո Մոմցիլոն և նրա ջոկատի զինծառայողները նահանջում են Հունաստան, որտեղ և պարգևատրվում են «Ալբանական շքանշանով»։ Հունաստանում տղան անցնում է ուսուցման արագացված ծրագիր, որի շնորհիվ ստանում է 4-րդ դասարանի ծրագրին համարժեք գիտելիքներ։

1916 թվականին նա մասնակցում է Կայմակչալանի ճակատամարտին և արժանանում կրտսեր սերժանտի կոչմանը։ Երբ պատերազմն ավարտվում է, նա հովանավորություն է ստանում Մեծ Բրիտանիայում և տեղափոխվում այնտեղ՝ սովորելու համար։ Ուսումն ավարտելուց հետո Մոմցիլոն վերադառնում է Սերբիա և վերամիավորվում ողջ մնացած ազգականների հետ։

23 տարեկան հասակում Մոմցիլոյին կարճ ժամանակով կալանավորում են, քանի որ չեն հավատում նրա՝ պատերազմին մասնակցություն ունենալու պնդմանը։ Ազատվելուց հետո Մոմցիլոն տեղափոխվում է Բելգրադ, ամուսնանում և աշխատանքի անցնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նրան նույնպես զորակոչում են։ Կարողանալով խուսափել գերությունից՝ Մոմցիլոն փախչում է Բելգրադ և կրկին աշխատանքի անցնում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Մոմցիլոն հանգիստ կյանք է վարում և մահանում է 87 տարեկան հասակում։ Նրա պատվին Կորֆու կղզում կառուցվել է հուշահամալիր, իսկ Բելգրադ քաղաքում՝ արձան։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել