Արմնյուզ հեռուստաալիքի սպորտային մեկնաբան Սոնա Սաֆարյանին շատերն են ճանաչում: Չէ՞ որ մեր երկրում հաճախ չես հանդիպի գեղեցիկ սեռի ներկայացուցչի, ով ընտրել է սպորտային մեկնաբանի մասնագիտությունը: Ֆուտբոլի նկատմամբ սե՞րը,  թե՞ առաջիններից մեկը լինելու ցանկությունն ուղղորդեց այս հայուհուն ընտրել հենց այս մասնագիտությունը. այս ու էլի շատ հետաքրքիր հարցերի շուրջ BlogNews.am-ը զրուցել է սպորտային մեկնաբան Սոնա Սաֆարյանի հետ.

- Սոնա, Հայաստանում կին սպորտային մեկնաբանները քիչ են, չնայած որ ամբողջ աշխարհում այս մասնագիտությամբ շատ կանայք են աշխատում։ Ինչպե՞ս ստացվեց, որ Դուք ընտրեցիք այս մասնագիտությունը:

- Ի սկզբանե չի եղել մտադրություն, որ ես պետք է սպորտային ճյուղը ընտրեմ որպես մասնագիտական ուղղություն: Սպորտ միշտ եմ սիրել, մանավանդ ֆուտբոլ դեռ փոքրուց՝ 10 տարեկանից եմ դիտել: Եղբայրս ֆուտբոլիստ է, շատ փոքր տարիքից է զբաղվում ֆուտբոլով, ես էլ գնում ու դիտում էի նրա խաղերը, ու այդ ժամանակ էլ ֆուտբոլի մասին գիտելիքներս ավելի խորացան: Եղբորս հետ հավասար գնում էի մարզումներին, իր բոլոր խաղերին հետևում էի: Ճիշտ նշեցիք, Հայաստանում կին մարզական լրագրողներ շատ քիչ կան, և ինձ, ճիշտն ասած, դա գրավում է։ Երևի միայն այդ միտքը, որ կարելի է  առաջիններից մեկը լինել, ուղղորդեց, որ այս ճյուղն ընտրեմ:

- Հայտնի կին սպորտային մեկնաբաններից ո՞ւմ կնշեք:

- Շատ-շատ սիրում եմ Սառա Կարբոներոյին: Նա Իկեր Կասիլիասի կինն է, ով համաշխարհային հայտնի դարպասապահ է, ի դեպ՝ նրա շնորհիվ ես սկսեցի սիրել ու երկրպագել «Ռեալ Մադրիդ»-ը: Սառային շատ եմ սիրում, նրա ռեպորտաժները շատ եմ հավանում, սիրում եմ նրա՝ ինֆորմացիան մատուցելու ոճը:

- Շրջապատի տղամարդիկ ինչպե՞ս են վերաբերվում Ձեր մասնագիտությանը:

- Միշտ ասում են՝ չի կարող այդքան նուրբ աղջիկը ֆուտբոլ սիրել։ Այդ արտահայտությունը լսում եմ անընդհատ: Երբ իմանում են, որ սպորտային լրագրությամբ եմ զբաղվում, սկզբում շատ թերահավատորեն են մոտենում, բայց հետո, երբ մասնագիտորեն եմ խոսում, կարծիք եմ հայտնում, նույնիսկ կանխատեսումներ անում խաղերից, ու այդ կանխատեսումներս էլ իրականանում են, արդեն սկսում են լուրջ վերաբերվել:

- Սպորտային վերջին թոփ լուրը:

- Չեմպիոնների լիգայի եզրափակչի կապակցությամբ գրառում էի արել իմ ֆեյսբուքյան էջում: Մինչ այդ էլ էլի գրառումներ էի արել այն մասին, թե որ թիմերը կանցնեն եզրափակիչ, որ թիմը կհաղթի: Իսկ վերջին թոփ լուրը, բնականաբար, Մանչեսթեր Յունայթեդի հաղթանակն էր ու մեր Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը: Հենրիխի հաջողությունները շատ կարևոր են, դրանք օգնում են մեր ֆուտբոլիստներին հավատալ իրենց ուժերին ու փորձել, դրսում հանդես գալով, հասնել հաջողությունների:

Հարցազրույցը պատրաստել է Պանարմենիան մեդիա դպրոցի շրջանավարտ Ժենյա Հայրապետյանը

Լուսանկարները՝ Սոնա Սաֆարյանի անձնական արխիվից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել