Մեր պետությունը մեծ հույսեր է կապում նոր սերնդի հետ. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել Վերջին զանգի առթիվ։

«Սիրելի՛ շրջանավարտներ, ի սրտե շնորհավորում եմ դպրոցական՝ ձեր կյանքի կարևորագույն փուլերից մեկն ավարտելու առթիվ: Այստեղ դուք ձեռք բերեցիք ամենակարևորը՝ գիտելիքի անհրաժեշտ պաշարն ու հանրությանը պիտանի լինելու մղումը, որոնք ձեզ ուղղորդելու են ողջ կյանքի ընթացքում:

Մեր պետությունը մեծ հույսեր է կապում նոր սերնդի հետ, հավատում է նրա մեծ ներուժին: Այսօրվանից նաև դուք եք մասնակցելու Հայոց անկախ պետականության ամրապնդման պատասխանատու գործին՝ ստանձնելով երկրի տիրոջ ու միաժամանակ նաև նրա մշակը լինելու պարտականություն-իրավունքը: Հաջողություն եմ մաղթում կարևորագույն այդ առաքելությունն իրականացնելու գործում:

Վերջին զանգի առթիվ շնորհավորում եմ նաև ձեր ծնողներին և ուսուցիչներին, ովքեր ոչինչ չեն խնայել ձեզ համար անհոգ մանկություն ապահովելու և գիտելիք տալու համար: Այսուհետ արդեն դու՛ք եք պարտավորվում իրականացնել ձեզ հետ կապված նրանց երազանքներն ու հույսերը:

Որպես Երևանի քաղաքապետ, լիահույս եմ, որ ձեր շնորհիվ Երևանի կենսագրության մեջ ապագայում կգրվեն փառահեղ էջեր: Մաղթում եմ ձեզ բարի երթ դեպի մեծ կյանք՝ համոզմունքով, որ կիրականացնեք նվիրական ձեր բոլոր երազանքները՝ ի շահ մեր երկրի ու ի բարօրություն քաղաքամայր Երևանի»,-ասված է Երևանի քաղաքապետի ուղերձում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել