ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու  դեպքի վերաբերյալ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ «Արմավիր» ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Ազատ Մանվելյանն ապօրինի ձեռք է բերել ու աշխատավայր տեղափոխել «մարիխուանա» և «բուպրենորֆին»  տեսակի թմրամիջոցներ:

 ՀՔԾ մամուլի ծառայության հաղորդմամբ,  քննությամբ պարզվել է, որ Ա. Մանվելյանը, «Արմավիր»  քրեակատարողական հիմնարկի կալանավորի հետ ունեցած նախնական պայմանավորվածության համաձայն, վերջինիս իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերի, ընդհանուր առմամբ՝ 116,74 գրամ «մարիխուանա» տեսակի և զգալի չափերի «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
 Այնուհետև` 2016թ. դեկտեմբերի 29-ին, իր ավտոմեքենայով դրանք ապօրինի տեղափոխել է «Արմավիր» ՔԿՀ: Նույն օրը` քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից Ա. Մանվելյանի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի մի մասը և «բուպրենորֆին»-ը, որոնք ՔԿՀ-ի հիշյալ աշխատակիցը թաքցրել էր ծխախոտի տուփերում:
 «Մարիխուանա» թմրամիջոցի մնացած` 70,24 գրամը հայտնաբերվել է ավտոմեքենայի զննության ընթացքում:
 Այսպիսով, ՔԿՀ պաշտոնյան դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից քրեակատարողական հիմնարկում հնարավոր հանցագործությունները կամ այլ իրավախախտումները բացահայտելու, ինչպես նաև դրանց կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն  ինքն է  ՔԿՀ-ում թմրամիջոցներ իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերել դրանք:

 Ազատազրկման ձևով պատիժ կրելու վայրում խոշոր չափերի թմրամիջոցներ իրացնելու համար Ա. Մանվելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ  որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորվումը: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել