BlogNews.am-ի այս շարքում փորփրում ենք հայտնիների հին և դեռևս չհրապարակված լուսանկարները: Երգչուհի Սոնե Սիլվերի հետ վերհիշեցինք իր կյանքի ամենահետաքրքիր դրվագները, որոնք ներկայացնում ենք լուսանկարներով: Սոնեն պատմել է ուրախ մանկության, դպրոցական և համալսարանական տարիների հուշերի մասին: 

Մայրս պատմում է, որ խելոք երեխա եմ եղել: Չափազանց հեշտ է եղել ինձ հետ: Կարող էի ժամերով մուլտֆիլմ նայել և ոչ ոքի չանհանգստացնել: Մայրս ասում էր, որ չարություններ չէի անում։ Շատ փոքր հասակում, երբ դեռ չէի խոսում, երգում էի :) Վեց ամսականում առաջին անգամ ինձ լուսանկարել են ֆոտոստուդիայում: 

Ի դեպ՝ բավականին թիթիզ եմ եղել, և երբ վարսերս դեմքիս վրա էին ընկնում, բոլորը հիշում են, թե ինչ հետաքրքիր ձևով էի ուղղում: Մինչև երեք-չորս տարեկանս լավ չեմ հիշում, բայց ուրախ եմ, որ ծնողներս շատ նկարներ և վիդեոներ են արել, որպեսզի ես լավ հիշողություններ ունենամ: Մայրս ասում էր, որ ես եղել եմ նրա տիկնիկը և ինձ պահել է իր խաղալիքի պես: Հաճախ էր վարսերիս ձևերը փոխում, երկար ժամանակ չոլկա եմ ունեցել, որը պահպանել եմ մինչև դպրոցս ավարտելը:

Երբ արդեն 5-6 տարեկան էի, հիշում եմ՝ բոլոր հավաքույթներում ինչպես էին ինձ կանգնեցնում աթոռին, և ես սկսում էի անդադար երգել։ Բոլոր երգերը երգում էի իմ հորինած բառերով, ինչպես լսում, այդպես էլ երգում էի: Հիշում եմ՝ ինչպես էի իմ բարեկամների նմանակումներն անում, և շատ դժվար էր լինում հետո ինձ լռեցնել: Ծնողներս, հասկանալով իմ սերը երգի նկատմամբ, որոշեցին զբաղվել այդ հարցով:

Մինչև դպրոց գնալն արդեն զբաղվում էի երգով, հաճախում էի «Դո Ռե Մի» երաժշտական դպրոցը: Շատ հիանալի օրեր եմ ունեցել, անմոռանալի ապրումներ, որոնք իմ մանկության ամենաուրախ հիշողությունների մեջ են:

Դպրոցական տարիներս նույնպես շատ ուրախ են անցել։ Ավարտել եմ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը: Ես շատ եմ կապում իմ մանկությունը երաժշտության հետ, քանի որ երաժշտությունը, երգը, պարն ավելի ուրախ են դարձնում օրերը և ավելի հիշարժան: Դաշնակահարուհի եմ եղել սկզբնական շրջանում, հետո զբաղվել եմ վոկալով:

Դպրոցում նույնպես եղել եմ թիթիզ աշակերտուհի: Հիշում եմ՝ մի անգամ դպրոցում ծնողական ժողովի ժամանակ հատուկ խոսել էին իմ կրած հագուստներից, թե սա դպրոց է, ոչ թե նորաձևության կենտրոն, բայց մայրս միշտ ինձ համար կարում էր թիթիզ զգեստներ, որոնք չկրելը կլիներ հանցագործություն: Ավարտական երեկոյիս օրը շատ հուզված էի և չէի ուզում հեռանալ դպրոցից։ Ամենաանհոգ տարիներն էին: Մենք վեց ընկերուհի էինք, և մեզ անվանում էին հզոր խումբ։ Երբ մտնում էինք դպրոց, ասում էին՝ մաֆիան եկավ:

Ես իմ մասնագիտությունն ընտրել եմ դեռ նախադպրոցական տարիքից և ոչ մի րոպե չեմ տատանվել։ Չնայած որ հայրս դեմ էր սկզբնական շրջանում, ես կարողացա իմ հաստատուն քայլերով նրան գոհացնել: Երբեք չեմ պատկերացրել իմ կյանքն առանց երաժշտության և, բնականաբար, դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Կոնսերվատորիա և շարունակեցի մինչև ասպիրանտի աստիճան: Յոթ տարի գերագույն հաճույքով սովորել եմ Կոնսերվատորիայի Ջազ վոկալ բաժնում և երբեք չեմ փոշմանել մասնագիտությանս ընտրության հարցում: Ուսանողական տարիներս նույնպես անցել են շատ ուրախ և հետաքրքիր:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Սոնե Սիլվերի անձնական արխիվից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել