Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ ավարտվել է Ռուզան Հ.-ի գործի դատական քննությունը:

Ռուզան Հ.-ն 2015 թվականի հուլիսի 28-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել, որ նախորդ օրը Կարո Խ.-ն Մուղնի թաղամասում իրեն բռնաբարել է, ապա ծեծի ենթարկելով՝ ստիպել է սեռական հարաբերություններ ունենալ նաև ընկերոջ հետ:

Որոշ ժամանակ անց Ռուզան Հ.-ն ոստիկանությունում հայտարարել է, թե «բողոքը հետ է վերցնում»՝ ինքը չի բռնաբարվել… Նրան մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

29-ամյա Ռուզանը սկզբում իրեն մեղավոր է ճանաչել, հետո փոխել է դիրքորոշումն ու մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, որ մինչև դեպքը մի քանի օր է ընկերություն արել Կարո Խ.-ի հետ, ով իրեն ներկայացել էր Գարիկ անունով:

Նրա հետ սկզբում խոսել է հեռախոսով, հետո գնացել է հանդիպման: Համաձայնել է նրա հետ սուրճ խմել, բայց նա առանց իրեն նախապես ասելու՝ տարել է «Սասուն» հյուրանոցային համալիր: Այնտեղ երկու շիշ գարեջուր է պատվիրել: Եվ այնտեղ իր  կամքով, փոխադարձ համաձայնությամբ  սեռական հարաբերություն է ունեցել «Գարիկի» հետ:

Հաջորդ անգամ՝ 2015 թվականի հուլիսի 27-ին,  «Գարիկի» հետ հանդիպել է փողոցում, նրա ընկերոջ մեքենայով գնացել են Աշտարակի ինչ-որ հյուրանոց: Այնտեղ իր կամքով սեռական հարաբերություն է ունեցել «Գարիկի» հետ: Նա ինչ-որ տեղ է գնացել,վերադարձել է ու իրեն առաջարկել է սեռական հարաբերություն ունենալ նաև ընկերոջ հետ: Ինքը մերժել է: «Գարիկն» իրեն ապտակել է: Ինքը մտել է բաղնիք, նա լույսն անջատել է: Ընկերն իրեն չի հարվածել, նա ասել է՝ եթե չի ուզում, թող հագնվի, դուրս գանք հյուրանոցից:

Իրեն իջեցրել են իրենց փողոցում, բայց ինքը մինչև լույս տուն չի գնացել, մնացել է փողոցում, կանգնել-լացել է: Ինքը բանալի չուներ, բացի այդ՝ վախենում էր, որ մոր գոռգոռոցից  հարևանները կարթնանան:

Երբ առավոտյան տուն է գնացել, մայրն ասել է, թե մի տղա է զանգել ու ասել, որ ինքը գիշերները հյուրանոցներում տղաների հետ սեռական հարաբերություն է ունենում: Ինքը մտածել է՝ «Գարիկն» է խոսել մոր հետ, զայրացել է նրա վրա ու հուլիսի 28-ին գնացել է ոստիկանություն: Հաղորդում է տվել, թե ինչ-որ Գարիկ ստիպել է իրեն սեռական հարաբերություն ունենալ ընկերների հետ: Ինքը ոստիկաններին չի ասել՝ ինձ բռնաբարել են: Ասել է՝ ստիպել է սեռական հարաբերություն ունենալ: Ստիպել ասելով՝ նկատի ունի, որ իրեն ապտակել է, բաղնիքի լույսն է անջատել… Հյուրանոցում ինքը չի աղմկել, օգնություն չի կանչել…

Ոստիկաններն են հաղորդումը գրելիս իրեն թելադրել «բռնաբարություն» բառը, ինքն էլ այդպես է գրել: Բայց հնարավոր է՝ ինքն էլ է այդ բառն օգտագործել, քանի որ ջղայնացած էր, իր հոգեկան վիճակը նորմալ չէր՝ «Գարիկն» իրեն ծեծել էր, գիշերը թողել էր դրսում, զանգել էր իր մորը…

Մեկ ամիս հետո «Գարիկի» բարեկամը՝ Հարութ անունով, իրեն տարել է ռեստորան, ճոխ սեղան է գցել, հյուրասիրել ու խնդրել է, որ ինքը բողոքը հետ վերցնի: Ինքն էլ գնացել ու հետ է վերցրել… Պարզվել է՝ իրեն դատ է հասնում…

Ամբաստանյալ Ռուզանն ասել է, թե ինքը մարմնավաճառ չէ, «Գարիկն» իրեն գումար չի տվել սեռական հարաբերություն ունենալու համար, ինքը գումար չի պահանջել: Ինքը տարբերակում է կամովին սեռական հարաբերություն ունենալն ու բռնաբարությունը, իսկ թե ինչ է «անառակաբարո գործողությունը» ՝ չի կարող բացատրել: Ինքը «Գարիկի» հետ իր կամքով է «հարաբերվել՝ քնել», այդ ժամանակ նա իր նկատմամբ բռնություն չի գործադրել:

Ռուզանը հայտնել է՝ երբ «Գարիկն» իրեն առաջարկել է ընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալ, ինքը մերժել է, իսկ երբ «Գարիկը» երկրորդ անգամ է նույն բանն առաջարկել, ինքը նրան ասել է. «Կարող ա՞ ուռած ես, որ ինձ էդպիսի առաջարկ ես անում»: Նա իր խոսքերից զայրացել ու «ապտակել է իր դեմքին», իրեն հրել-գցել է մահճակալին, ասել է, թե ինքը «փողոցային է», ընկերոջ հետ պիտի քնի: Հետո ննջասենյակ է մտել նրա ընկերն ու ասել է. «Եթե չի ցանկանում, պետք չի համոզել, թող հագնվի, գնանք»: Ինքը հագնվել է, իրենք հյուրանոցից գնացել են:

Ինքը «կատաղած էր» «Գարիկի» վրա, դրա համար էլ ոստիկանություն է գնացել, գրավոր հաղորդում է տվել:

Երբ դատարանում հրապարակվել է Ռուզանի նախաքննական ցուցմունքը, նա նորից փոխել է  դիրքորոշումը, ասել է, թե Կարոն իրեն ոչ թե ստիպել, այլ փորձել է համոզել, որ ինքը նրա ընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենա:

Ռուզան Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել սուտ մատնության համար, խնդրել է մեղմ վարվել:

Գործով տուժող ճանաչված երիտասարդը՝ Կարո Խ.-ն, նույն ինքը՝ «Գարիկը», հայտնել է, թե աշխատում էր բենզալցակայանում: Մի հաճախորդ է իրեն տվել Ռուզանի հեռախոսի համարը, երբ ինքը խնդրել է որևէ աղջկա հեռախոսի համար տալ: Ինքը ընտանիք կազմելու համար չէր ուզում աղջկա հեռախոսահամար, այլ՝ միայն հանդիպելու…

Ինքը 2015 թվականի հուլիսի  25-ին զանգահարել է այդ աղջկան, ծանոթացել է նրա հետ: Երեկոյան հանդիպել են մարզահամերգային համալիրի մոտ՝ Թումոյի այգում: Քայլել, զրուցել են, հետո գնացել են «Սասուն» հյուրանոցային համալիր՝ սուրճ խմելու:

Մտել են առանձնասենյակ, փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել: Հետո ինքը Ռուզանին ճանապարհել է: Նա ասել է՝ երբ ցանկություն ունենաս, կարող ես զանգել…

Երկու օր հետո՝ հուլիսի 27-ին, ինքն ընկերոջ հետ էր, երբ զանգել է Ռուզանը ու առաջարկել է հանդիպել: Ինքն ու ընկերը մեքենայով մոտեցել են կանգառին, վերցրել են Ռուզանին, շարժվել են դեպի Աշտարակ: Գնացել են Մուղնի թաղամասում գտնվող հյուրանոցային համալիր: Ընկերն էլ է մտել սենյակ ու դուրս է եկել: Ինքն ու Ռուզանը սեռական հարաբերություն են ունեցել:

Քանի որ իր մոտ գումար չկար, ինքը պիտի դուրս գար վճարելու, սենյակ է կանչել ընկերոջը, որ Ռուզանը մենակ չմնա:

Ինքը դուրս գալիս ընկերոջն ասել է, որ եթե նա ուզում է՝ կարող է սեռական հարաբերություն ունենալ Ռուզանի հետ:

Երբ ինքը գումարը ճարել ու վերադարձել է, ընկերն ասել է, թե Ռուզանը մերժել է սեռական հարաբերություն ունենալու առաջարկը:

Ինքը Ռուզանին հարցրել է՝ ինչո՞ւ է մերժել: Նա պատասխանել է, թե իրեն է սիրում, բայց եթե ընկերը ցանկանում է, կարող է նրան ձեռնաշարժությամբ հանգստացնել:

Նրանք առանձնացել են: Ինքը նստել է միջանցքում: Հետո լսել է Ռուզանի ձայնը: Ներս է մտել՝ Ռուզանը մերկ էր, միայն սրբիչով էր փաթաթված: Ինքը ապտակել է նրան, որովհետև նա իրեն «նարկաման» է անվանել, ասել է. «Հո ուռած չե՞ս, որ էդպիսի բան ես ինձ առաջարկում»:

Հետո  դուրս են եկել հյուրանոցից, Ռուզանին հասցրել են Երևան՝ նրա տան մոտ, ու իրենք հեռացել են: Ինքը Ռուզանենց տուն չի զանգել, նրա մոր հետ չի խոսել:

Կարոյի ընկերը հայտնել է, որ Կարոն Ռուզանին առաջարկել է իր հետ նույնպես սեռական հարաբերություն ունենալ, որովհետև Ռուզանն ազատ վարքագիծ ուներ, մեքենայի մեջ հայհոյանքով էր խոսում, ծանոթության հենց առաջին օրը նրա հետ սեռական հարաբերություն էր ունեցել, երկրորդ հանդիպմանն էլ էր սեռական հարաբերություն ունեցել: Հյուրանոցում Ռուզանն իր ներկայությամբ մերկ էր՝ սրբիչով փաթաթված, Ռուզանն է առաջարկել իրեն ձեռնաշարժությամբ հանգստացնել…

Ընդհանուր իրավասության դատարանը Ռուզան Հ.-ին մեղավոր է ճանաչել սուտ մատնություն կատարելու համար, նրան դատապարտել է 1 տարի ազատազրկման, կիրառել է պայմանական դատապարտություն և սահմանել է 1 տարի փորձաշրջան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել