Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 23-ին ոստիկանության Հրազդանի բաժին բերման է ենթարկվել Հրազդան քաղաքի բնակչուհի, 1977 թ. ծնված Լ. Մ.-ն: 

Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից: 

Բերման ենթարկված անձը խոստովանել է, որ 2017 թվականի մայիսի 11-ի առավոտյան իրենց բնակարանի զուգարանում, առանց բժշկական միջամտության, ծննդաբերել է արական սեռի երեխա, որը ճիչ արձակելուց հետո մահացել է: Ինքը նույն օրը նորածնի դին պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորել և դրել է թղթե արկղի մեջ, որից հետո այն տեղափոխել է Հրազդան քաղաքի Շահումյան փողոցին հարակից անտառային կանաչապատ տարածք ու դնելով խոտերի մեջ՝ հեռացել է:
Լ. Մ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարգային քննչական վարչություն:
 Հիշեցնենք, որ  մայիսի 15-ին ժամը 15։10-ին ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում՝ խոտերի վրա՝ թղթե արկղի մեջ, հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված:

Նորածնի մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի առթիվ 15.05.2017թ. ՀՀ ՔԿ Կոտայքի մարգային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել