Երիտասարդ երգչուհի Դալիթան արդեն մեկ տարի է, ինչ սովորում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի ծրագրավորման բաժնում և իր հիմնական ժամանակը տրամադրում է դասերին: Օրեր առաջ երգչուհին լուսանկարվել է BlogNews.am-ի ֆոտոշարքում՝ ներկայանալով մի քանի կերպարներում, իսկ զրույցի ժամանակ պատմել ընտրած մասնագիտության, նոր նախագծերի մասին: 

Շատերը ծրագրավորողի աշխատանքը տղամարդու մասնագիտություն են համարում: Իմ քեռին ծրագրավորող է, ավարտել է Ամերիկյան համալսարանը, ես էլ միշտ սիրել եմ մաթեմատիկա առարկան: Քեռիիս տեսել եմ այդ աշխատանքն անելիս, ինձ էլ ոգեշնչել է, և ես էլ որոշել եմ ընտրել այդ մասնագիտությունը: Իհարկե, շատ բարդ է, բավականին շատ տնայիններ եմ ունենում, գրեթե ամեն շաբաթ քննություններ, բայց փորձում եմ հաղթահարել բարդությունները: Բավականին բարդ բաժին է, բայց ես իմ բնույթով շատ աշխատասեր եմ: Սկզբից շատ էի վախենում։ Ինձ ասում էին՝ դժվար կլինի, քանի որ իմ գրաֆիկը բավականին խիտ է: Բայց ես ոչ մի ջանք չեմ խնայում և ոչ մի դաս բաց չեմ թողնում: 

Հայտնի մարդ լինելը, ինչ խոսք, պարտավորեցնում է ավելի լավ սովորել: Սկզբից բոլորին թվում էր, որ եթե երգչուհի եմ, կարող եմ հաճախ բացակայել, դասերին ներկա չգտնվել: Բայց ես չեմ օգտվում այդ առավելությունից, որովհետև եթե ընտրել եմ այս ճյուղը, որոշում եմ կայացրել, պետք է մինչև վերջ գնամ, որպեսզի մարդիկ հասկանան, որ հենց այնպես չեմ եկել այստեղ: Ես բավականին լուրջ եմ վերաբերվում իմ ընտրած մասնագիտությանը։ Ինձ համար երգը և իմ մասնագիտությունը նույնքան հավասար են, այդքան տարի իմ կարիերայի վրա աշխատել ու տառապել եմ, չեմ կարող ոչ մեկն աչքաթող անել: 

Շատերը մտածում էին՝ երևի գլամուր կերպար եմ: Ես շառ առօրյա ոճով եմ գնում համալսարան, առանց դիմահարդարման, հասարակ շապիկով և տաբատով, ինչը գուցե շատերին զարմացրեց: Հիմա ինձ անգամ ասում են, որ շատ ավելի փոքր եմ, տարբեր եմ: Սա մի քիչ այն պատկերից, թե ինչ էր սկզբում կատարվում համալսարանում։ Բայց ես ժամանակի ընթացքում ընտրեցի նաև իմ համալսարանական ընկերներին։ Ի դեպ՝ ես նրանց հետ ծանոթացա, երբ միասին պարապում էինք ընդունվելու համար: 

Նոր առաջարկներ ունեմ. ցավոք, քննություններից հետո չկարողացա մեկնել հանգստանալու: Պետք է մեկնեմ Մալթա՝ երաժշտական փառատոնին Հայաստանը ներկայացնելու: Այս մրցույթին արդեն երկրորդ անգամ եմ մասնակցում: Հայերեն երգ եմ ներկայացնելու, ինչպես նաև փոփ ոճում մի երգ, որտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ են լինելու: Այս տարի շատ ավելի լուրջ մրցույթ է սպասվում: Եղավ նաև սիթքոմում նկարահանվելու առաջարկ, բայց չեմ կարող մանրամասնել, քանի որ դեռ նախապատրաստական փուլում է ամեն ինչ: Դասերիս ընթացքում հասցրի մեկ-երկու տեսահոլովակ նկարահանել, ինչպես նաև երգ եմ գրել, որի թե՛ բառերի և թե՛ երաժշտության հեղինակն եմ: Երգեր գրելու փորձ ունեմ, բայց երաժշտություն առաջին անգամ եմ գրում։ Արդեն ժամանակն է, որ սկսենք գործիքավորումն անել: 

Երգի ասպարեզում ժանրային փոփոխություն գուցե անեմ: Եթե ինչ-որ բան հոգեհարազատ չէ, ես չեմ կարող անել: Ինձ ուրիշ ոճերում չեմ պատկերացնում, բայց կարծում եմ՝ տարիքի հետ այն կփոխվի:

Ընտրածս մասնագիտությունից հետո մի քիչ փոխվել են նաև նախասիրություններս: Օրինակ՝ ոճային առումով սկսել եմ ավելի հանգիստ հագնվել, իսկ երգի առումով սկսել եմ ավելի շատ ռոք լսել, ինչպես նաև դասական: Առաջ լսում էի, բայց հիմա սկսել եմ ավելի շատ փորփրել, ուսումնասիրել: 

Երբ ազատ եմ լինում, պարտադիր պետք է հեռուստացույց նայեմ:  Կարծես, կարոտում եմ հեռուստացույց նայելու հաճույքը, պարտադիր ֆիլմեր եմ նայում: Դասերիս ծանրաբեռնվածությունն այնքան շատ է, որ, երբ ազատ ժամանակ եմ ունենում, ընկերներիս հետ կինոթատրոն եմ գնում՝ նոր ֆիլմ դիտելու: Այնքան շատ է աշխատանքս, որ երբեմն ասում եմ՝ բա չգնայի հիմա կինո նայելու:

Լինում է, որ ինձ կանչում են կորպորատիվ միջոցառումների: Տարբեր համերգային միջոցառումներ լինում են, կորպորատիվ բնույթի, բարեգործական միտում ունեցող համերգներ՝ ևս: Իհարկե, դրանց շարքում կան շատ համերգներ, որոնք կարևոր են։ Մերժում եմ միայն այն ժամանակ, երբ համընկնում է դասերիս հետ: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի 

Հագուստը՝ Quiz խանութ-սրահի

Նկարահանումն իրականացվել է Ibis հյուրանոցում

Դիմահարդար և վարսահարդար՝ Մերի Մկրտումյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել