«Փորձենք հասկանալ ընտրողի հոգեբանությունը՝ ինչո՞ւ է նա ակնկալում, որ իր ձայնը պետք է գնեն որոշակի գումարով, ինչու է համաձայնում վաճառել իր քվեն: Չէ՞ որ այդ մարդկանց մեծ մասն ընտանիքների հայրեր ու մայրեր են, հյուրասեր, պատվախնդիր, հասարակական կարծիքը հաշվի առնող, ամոթ-աբուռ, ավանդույթներ ունեցող: Ընտրակաշառք վերցնող զանգվածին չի կարելի մի մկրատով կտրել՝ բոլորին համարել տգետ ու կաշառված: Դա բազմաշերտ զանգված է տարբեր տեսակետներ ու դիրքորոշումներ ունեցող: Մի մասն, օրինակ, պարզապես ընտրություն կոչվող երևույթը չի կարևորում և այդ 10 հազար դրամն ընտրակաշառք չի համարում: Այնպես, ինչպես գողություն չէր համարի իր շքամուտքում ընկած 5 հազարանոցը վերցնելը: Մյուս մասը, բնականաբար, չի կարևորում իր քվեն   «մի ձայնն ինչ պիտի որոշի» մտայնությամբ, և անգամ ուրախանում է, որ այդ ոչինչ չարժեցող «ապրանքը» կարողանում է այդքան «թանկ» վաճառել: Այնպես, ինչպես կվաճառեր մի 5 տարի հագած ու հիմնովին մաշած շորը: Երրորդ հատվածը ձայնի առքուվաճառքով իր վերաբերմունքն է ցուցադրում առաջադրված ընդդիմադիրներին, որոնց չի հարգում, չի տարբերակում իր ձայնը գնող իշխանությունից՝ «բոլորը նույնն են» տրամաբանությամբ: Եթե հավատար ու զգար, որ ընդդիմությունը շատ ավելի լավն է և իրեն ապագայում հուսախաբ չի անելու, անշուշտ, կհրաժարվեր այդ 5-10 հազարից: Այս բոլոր մարդկանց հարկավոր է կրթել, համոզել, բացատրել, ապացուցել: Մեկին, որ քվեն հին լաթ չէ, մյուսին, որ 5 հազարով իրենց ձայնը գնելը նույն գողությունն է, երրորդին, որ միշտ չէ, որ փորձած թանն անփորձ մածունից լավն է: Եվ ամենակարևորը՝ կրթվելու, աճելու, մաքրվելու կարիք ունի ինքը՝ ընդդիմությունը։ Չէ՞ որ իշխանությանը հաղթելու համար պետք է նրանից շատ ավելի լավը լինես»,-գրում է թերթը։


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել