Картинки по запросу ավագանու ընտրություններՀՀԿ-ն հաղթեց ոչ միայն վարչական ու փողային ռեսուրսների շնորհիվ (ինքներս մեզ չխաբենք, դրանք իրոք օգնել են իշխող ուժին): Տարոն Մարգարյանի ցուցանիշը՝ 71 տոկոս, իսկապես աննախադեպ է։ Ինչքան ուզում ես, փող բաժանի, 240.000 հոգու անհնար է փողով համոզել գնալ ու ընտրել գործող քաղաքապետին։ Մարդիկ պարզապես սիրում են նրան, ու դրանով ամեն ինչ ասված է։ Ասել կուզենք՝ գիտակցված ընտրություն է եղել ու լեգիտիմ ընտրություն է։ Անշուշտ, հերթական անգամ ի ցույց տրվեց ոստիկանական համակարգի ներգրավվածությունը ընտրական պրոցեսներին՝ հօգուտ գործող իշխանության, սակայն դրա կարիքն այս պարագայում իսկապես չկար։ Թաղային խուժան միշտ է եղել ու լինելու է։ Դա ավելի շատ մշակութային տարր է, քան քաղաքական բաղադրիչ։ Հետևաբար ամենագլխավոր խնդիրը մնում է նույնը՝ ընդդիմությունը չի կարողանում մարդկանց համոզել հրաժարվել գումարներից ու սրբազան հնից։

Ինչ մնում է ընդդիմադիր կուսակցություններին, ապա նրանցից առնվազն մեկը իր առաքելությունը կատարեց։ Խոսքը ԵԼՔ-ի մասին է։ Անկախ նրանից, որ դաշինքը հավաքել է 21 տոկոս ձայն երևանում ու ստացել 14 մանդատ, նշենք, որ, համեմատած ԱԺ ընտրությունների միջինացված տարբերակի հետ, առաջընթաց է։ 72 հազար ձայնը իսկապես քիչ չէ, եթե հաշվենք, որ ԱԺ-ի ընտրություններում ԵԼՔ-ը հավաքել է 127 հազար ձայն։ Այսինքն՝ գոնե Երևանի մակարդակում նրանք դիրքերը չեն զիջել, ինչը միգուցե նախապայման հանդիսանա հետագայում դաշինքը մեկ կուսակցության վերածելու համար։

«Երկիր Ծիրանիի» պարագայում կուսակցությունը 8 տոկոս՝ թվով 26 հազար ձայն է հավաքել։ Նորաստեղծ կուսակցության համար սա Երևանում բավականին պատկառելի ձայն է։ Նրանք կստանան 5 մանդատ Երևանի ավագանու կազմում, ու այդ 8 տոկոս ձայնը հիմնականում ապահովվեց հենց ընտրության օրը Փոստանջյանին բերման ենթարկելուց հետո։ Սակայն թե ինչպիսի ավագանի կլինի Զարուհին, ցույց կտա ժամանակը, համենայն դեպս, նա Տարոն Մարգարյանին խոստացել է օր ու արև չտալ։ Թե ինչպիսին կլինի գալիք ավագանին, դժվար է ասել, սակայն մեկ բան ակնհայտ է՝ որակապես այն նոր կլինի, և բանավեճերն ու քննարկումները նույնպես կլինեն շատ բովանդակային։ Քանի որ սրանով ավարտվում է նաև ընտրական ցիկլը, ապա մի որոշ ժամանակ հանգստից հետո մենք արդեն աշնանը կարող ենք տեսնել՝ ընտրական նոր համակարգը ինչ-որ փոփոխություն բերեց Հայաստանին, թե ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել