Աչքերի շուրջ մաշկը արագ է չորանում, քանի որ շատ նուրբ է, չորացման հետևանքով էլ առաջանում են կնճիռներ: Դրանց առաջացման հիմնական պատճառները մաշկի ոչ առողջ վիճակն է, կոսմետիկայի ներգործությունը, դիմախաղն ու արևից աչքերը կկոցելը:

Կնճիռների դեմ արդյունավետ միջոցներից են թրջոցները, բայց հիշեք՝ տաք թրջոցներին պետք է հաջորդեն սառը թրջոցները, որոնց շնորհիվ մաշկը հագենում է թթվածնով, և կնճիռները նվազում են: Մերսումը նույնպես կարգավորում է արյան շրջանառությունը, և ինչպես թրջոցները, այնպես էլ մերսումներն առաջնային կնճիռները վերացնելու դասական կանոններն են:

 

Բուսաբույժները խորհուրդ են տալիս տարբեր բաղադրատոմսեր, օրինակ՝ բուսական սառույցը (հանգստացնող զանազան բույսերի թուրմից) թեթև սահեցնել աչքի շուրջը՝ հոնքերի հատվածից բերելով դեպի քթարմատ, կարող եք նաև ամբողջ դեմքին քսել՝ պահպանելով մերսման ուղղությունները: Բուսական այս մերսումը հաղթահարում է ցանկացած խորության կնճիռները և մաշկին տալիս է իրական փայլ:

Ժողովրդական բժշկությունն առաջարկում է կես լիմոնի հյութին խառնել մի պտղունց աղ, 1 ձվի սպիտակուց և լավ փրփրացնել, ապա քսել դեմքին:

20-25 գրամ խմորիչին ավելացնել արևածաղկի կամ ձիթապտղի ձեթ, կարող եք ավելացնել նաև կաթ, լավ հարել և քսել դեմքին: Այս դիմակը կնճիռներից ազատվելու լավագույն տարբերակներից է, արդյունքը հենց հաջորդ օրը կնկատեք, այս դիմակն օգտագործելուց հետո կտեսնեք, թե ինչ արագությամբ են հարթվում կնճիռները: Մասնագետներն առաջարկում են նաև սպիտակ չոր հացի կտորը խառնել տաք կաթի հետ և քսել դեմքին, կամ 1 ճաշի գդալ տաքացրած մեղրին խառնել 1 թեյի գդալ ցորենի ալյուր, փրփրացնել ձվի սպիտակուցով և քսել դեմքին: 1 ճաշի գդալ յուղոտ կաթնաշոռը խառնել կես ճաշի գդալ տաք մեղրի հետ, ավելացնել 1 թեյի գդալ բուսայուղ, 1 թեյի գդալ սերուցք և 1 ճաշի գդալ տաք կաթ: Դիմակները դեմքին պահել 20-30 րոպե, դեմքը լվանալ տաք, ապա սառը ջրով և քսել որևէ բնական եթերայուղ. մասնագետներն ասում են, որ մաշկի համար շատ օգտակար է նուշի եթերայուղը, ինչպես նաև՝ դեղձի ու ծիրանի: Մատների բարձիկներին կաթեցրեք եթերայուղը և նրբորեն քսեք կոպերին:

Դիմախաղից առաջացած կնճիռները (միմիկային) սովորաբար առաջանում են 18 տարեկանից: Այս տեսակի կնճիռների դեմ պայքարի համար խորհուրդ է տրվում հետևյալ բաղադրատոմսը՝ հում կարտոֆիլն անցկացնել քերիչի մանր անցքերով, խառնել սերուցքի հետ և օգտագործել: 1 ճաշի գդալ բանանին ավելացնել նույնքան հալեցրած կարագ և քսել կնճիռներին: Ցանկալի է այս դիմակներն օգտագործել քնելուց առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել