Մարզիչ.  Արթուր Ալեքսանյանին խանգարեց  վնասվածքըPanARMENIAN.Net-ը գրում է.

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, մինչև վերջին պահը հարցականի տակ էր։ Սակայն ըմբիշն ու մարզիչները որոշել էին ստուգատեսը բաց չթողնել։ Անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանի խոսքով, դա Արթուրին անհրաժեշտ էր մինչև աշխարհի առաջնությունն ըմբշամարտի նոր կանոններին հարմարվելու համար։

Ըստ մարզիչի, Արթուրը մայիսի 13-ին կմեկնի հանգստանալու, որից հետո կվերադառնա մարզումներին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

«Վնասվածքներն Արթուրին խանգարել էին այս տարի միջազգային մրցաշարերի մասնակցել, իսկ աշխարհի առաջնությունից առաջ հարկավոր էր նոր կանոններով գոտեմարտել: Եկանք ընդհանուր հայտարարի և Արթուրը մասնակցեց Եվրոպայի առաջնությանը: Իհարկե, վնասվածքը խանգարեց, կար նաև հոգեբանական գործոնը. 9 ամիս չէր մասնակցել մրցումների: Կարծում եմ` նա հաղթահարեց այդ ամենը և հանդես եկավ ավելի լավ, քան պատրաստ էր այդ պահին: Գոտեմարտերի ընթացքում ցավերն ուժեղանում էին: Նա պետք է լավ հանգստանա, իսկ վերականգնվելու համար` նորից բժշկական կուրս անցնի»,-ասել է Գևորգ Ալեքսանյանը:

Մարզչի խոսքով, փոփոխություններից հետո գոտեմարտերը կորցրել են դիտարժանությունը: «Բոլոր կանոններով էլ հնարավոր է գոտեմարտել: Առանց չորեքթաթ դրության, հնարքներն ու միավորները քիչ եղան: Պետք է այս կանոնադրությանը համապատասխան տակտիկա մշակել, անել այնպես, որպեսզի կանգնած դիրքից գործողություն կատարելով հասնել չորեքթաթ դրության»,- նշել է օլիմպիական չեմպիոնի հայրը:

Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալ է նվաճել 98 կգ քաշային կարգում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել