Վերջին հարցազրույցում Սերժը նորից խոսեց չարերից ու բարիներից: Բարին ինքն ա, ընդդիմությունը չարերն են: Ասում եմ նորից, որովհետեւ էս առաջին անգամ չի, կհիշեք երեւի` 2007-ի նախընտրական, նաեւ հետընտրական հավաքների ժամանակ Սերժը էլի խոսում էր բարիներից ու չարերից, սատանայությունից ու մոլորյալներից, դարձի գալուց, դժոխքից ու դրախտից:  Ի՞նչ ա սա նշանակում: Ո՞նց ա հայտնվել էս բառապաշարը մեկի բերանում, որը Բաքվի պարտիական դպրոցն ա ավարտել եւ Ղարաբաղում զբաղացրել պաշտոններ, որոնք տվյալ ժամանակի կոնտեքստում կագեբեի հետ սերտ համագործակցություն էին ենթադրում:

Հիշենք որ մարտի 18-ի փակ հարցազրույցում Սերժը դրական գույներով ներկայացրեց սովետական ժամանակներն ու ասեց, թե հպարտանում ա էդ տարիներին իրա վարած կուսակցական գործունեությամբ: Բաղրամյան 26-ում նստած մարդուն ակնհայտորեն հասու չի էն գիտակցումը, որ Հայաստանի Հանրապետության նախագահ լինելն ու Սովետական Միությունում կուսքարտուղարի օգնական լինելը իրար հակադիր բաներ են, ընդ որում իրար հակադիր են մեկի տեղ երկու առումներով: ա. Այնքանով, որքանով որ իրար հակադիր են սովետական համակարգն ու Հայաստանում 91-ին հռչակված ժողովրդավարական համակարգն ու ազատական տնտեսակարգը: բ. Այնքանով, որքանով ներկա Հայաստանը անկախ պետություն ա, ընդ որում անկախացել ա հենց Սովետական Միությունից:

Ու սա սենց ա, որովհետեւ Սերժ Սարգսյանի համար ոչ սովետական համակարգը, ոչ էլ ներկա Հայաստանի ժողովրդավարական-ազատական համակարգը ոչ մի քաղաքական կամ գաղափարական ռեալ բովանդակություն չունեն, դրանք ընդամենը ժամանակի հանգամանքներով պայմանավորված դատարկ ձեւեր են, որոնց միջոցով հնարավոր ա դառնում ունենալ միակ գլխավորն ու իմաստալին` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ: Եթե սեփական իշխանությանը ռեալ վտանգ չի տեսնում, Սերժը կարող ա թեթեւակի սիրաշահի եվրոպական համապատասխան կառույցներին ու զանգվածային լրատվության միջոցներին մի քիչ, առնվազն ֆորմալ, ազատություն տա, բազմազանություն հանդուրժի: Բայց հենց մի պուճուր վտանգ զգաց, կարող ա բանը հասնի մարտի 18-ի խայտառակությանը, երբ որ հերիք չի հարցազրույցը փակ էր ու մենակ մի փոքր խումբ լրագրողների էին հրավիրել, հերիք չի մենակ նախագահականի օպերատորին էր թույլ տվել նկարահանում կատարել, դեռ էդ ամենից հետո էլ մի ամբողջ օր նկարահանվածը մոնտաժում էին եւ մենակ հաջորդ օրը մոնտաժվածը գնաց եթեր: Եվ էդ մոնտաժված հարցազրույցում Սերժ Սարգսյանը նորից խոսեց չարից ու բարուց, ասեց որ «Մարդիկ շատ դեպքերում ղեկավարվում են չարությամբ»:

Եթե հիշում եք` չեկայի, հետո արդեն դրա ժառանգորդ կագեբեի գործունեությունը, մասնավորապես ռեպրեսիաները, արդարացվում էին սովետական երկրի ոխերիմ թշնամիներով, որոնք, ընդունված էր համարել, առավոտից իրիկուն մտածում էին կոմունիզմ կառուցող երկիրը կործանելու մասին եւ որոնց կուլ չգնալու համար պետք էր զգոն լինել: Սա, որքան էլ որ պարզունակացված ու ծայրահեղացված, բայց ամենասկզբում քիչ թե շատ քաղաքական բովանդակություն ունեցող կոնցեպտ էր, որին Սովետական Միության վերջին տարիներին իհարկե արդեն ոչ ոք չէր հավատում: Բրեժնեւյան եւ հետբրեժնեւյան Սովետ Միությունը, որի ժամանակ էլ հենց պարտիական մկրտություն ա ստացել Սերժ Սարգսյանը, ցինիկ մի երկիր էր, որտեղ բոլոր գաղափարները արժեզրկվել էին եւ դարձել անեկդոտի նյութ: Եվ մարդը, հայտնվելով Բաղրամյան 26-ում, շարունակեց աշխատել իրան հարազատ կագեբեական մեթոդներով:

Կագեբեականը սովորաբար չունի քաղաքական մտածողություն, ինքը գործում ա «մենք ու նրանք» («նրանք` մեր թշնամիները») սխեմայով: Տվյալ դեպքում թշնամիները Սերժ Սարգսյանի իշխանությունը էս կամ էն ձեւով վտանգողներն են: Հայտնաբերելով, հետո արդեն թիրախի տակ վերցնելով թշնամուն, կագեբեականն օգտագործում ա բոլոր մեթոդները նրան չեզոքացնելու համար` փչացնում ա, առնում ա, ծիծաղելի ա դարձնում հասարակության աչքում, իսկ եթե էս մեթոդները չեն աշխատում` նաեւ ֆիզիկապես ա ոչնչացնում: Բայց Սերժը, ինչքան էլ որ հանրային մարդ չի եւ խուսափում ա հանրային ելույթներից, մեկ ա, ժամանակ առ ժամանակ ստիպված ա դրան գնալ: Ու ելույթ ունենալիս կամ մարտի 18-ի պես հարցերին պատասխանելիս հո չի ասելու` ես ոչնչացնում եմ բոլոր նրանց, ովքեր խանգարում են ինձ իշխել: Պետք ա մի բան հնարի չէ՞, պետք ա կոնցեպցիա ունենա:

Ընդդիմադիրներին ժողովրդի թշնամի հռչակելու ժամանակները անցել են, ազգի թշնամի հռչակելն էլ, որ մի ժամանակ, հիշում եք երեւի, ընդդիմության դեմ գործածվում էր, Սերժին ակնհայտորեն հարմար չի, երեւում ա ինչքան էլ հայ-թուրքական պրոտոկոլները ձախողվեցին, հաշտեցում բերողի իմիջը Սերժին դուր ա եկել, ազգայնական հռետորաբանությունը ինքը թողնում ա հանրապետականի մանր-մունր դեմքերին: Բա ի՞նչ պետք ա ասի: Սերժը գտել ա շատ պրիմիտիվ, բայց նաեւ շատ վտանգավոր մի տարբերակ` մենք ու նրանքը, ավելի ճիշտ իշխանությունն ու ընդդիմությունը, ձեւակերպում ա որպես «չարեր ու բարիներ»: Ինչո՞ւ եմ ասում շատ վտանգավոր: Որովհետեւ նման ձեւակերպումը իսպառ վերացնում ա քաղաքական էլեմենտը խոսակցության մեջ, իսկ տարածվելու դեպքում` նաեւ մարդկանց գիտակցության մեջ: Այնինչ Հայաստանն էս վիճակից հանելու համար հենց քաղաքական մտածողություն ա պետք:

Վատն էն ա, որ Րաֆֆու շուրջ հավաքված ներկա ընդդիմությունը եւ ինքը Րաֆֆին, նույնպես ավելի շատ խոսում են բարոյական, քան քաղաքական տերմիններով: Բայց սա արդեն առանձին խոսակցության նյութ ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել