Յուքոմ ցանցի ներսում ցուցադրվող Արմենիա պրեմիում հեռուստաալիքի մեգանախագծերից մեկը՝ «Ազիզյանները» սիթքոմը, շարունակում է մնալ հայկական հեռուստաեթերի ամենապահանջվածների շարքում: Սա ընտանեկան զվարճալի պատմություն է, որտեղ ապրում են ամուսիններն ու իրենց երեք՝ մեկը մեկից բարդ ու դժվար անցումային տարիքները հաղթահարող երեխաները:

Ընտանիքի մայրը Ռուզանն է, ում խաղին հեռուստադիտողը սիրահարվեց առաջին իսկ սերիայից, որովհետև Ռուզանի մեջ շատ տնային տնտեսուհիներ տեսան հենց իրենց՝ կյանքով լի, հոգսաշատ, տեղ-տեղ՝ նյարդային, բայց միշտ նվիրված ու սիրող մայր:

Ռուզանին մարմնավորած դերասանուհի Անի Լուպեի հետ զրուցել է BlogNews.am-ը և պարզել մի քանի հետաքրքիր մանրամասներ նկարահանումների հարթակում և նկարահանումներից դուրս «Ազիզյանների» փոխհարաբերությունների մասին.

«Ներկա պահին սիթքոմի նկարահանումներն ավարտված են, և սպասում ենք մյուս սեզոնին: Իմ խաղի մասին կարող եմ ասել, որ երկրորդ եթերաշրջանում շատ ավելի լավ խաղացի Ռուզանին, որովհետև այս անգամ կերպարս լիովին բացահայտել էի ու ավելի հեշտ էի դերի մեջ մտնում»:

Անին ասում է, որ շատ հեշտ է մարմնավորում բազմազավակ մայրիկի կերպարը, չնայած որ իր իրական կյանքի հետ այդ կարգավիճակը ոչ մի կապ չունի. «Այնքան լավն են մեր երեխաները, այնքան լավ են խաղում իրենց դերերը, որ, անկեղծ ասած, նկարահանման հարթակում մեկ-մեկ այնքան եմ կերպարի մեջ մտնում, որ ներքուստ էլ ինձ զգում եմ նրանց մամա: Պատկերացրեք, այն աստիճան, որ երբեմն սցենարը կարդալուց հետո մտածում էի՝ չէ, բայց ախր ճիշտ չէ, որ ես այսպես պատասխանեմ երեխային: Հիմա որ ասեմ, թե որքան եմ ինձ մեղավոր զգում, երբ Մարին ասում է, որ մենք իրեն չենք սիրում, երևի կծիծաղեք (Մարին Ազիզյանների դուստրն է - խմբ.), բայց իսկապես խղճիս վրա ազդում է դա )): Այնպես որ, դերի մեջ մտնելու ոչ մի դժվարություն չկար, հատկապես երկրորդ եթերաշրջանի նկարահանումների ժամանակ»:

 

«Երջանի՞կ ընտանիք են Ազիզյանները, թե՞ ոչ» հարցին դերասանուհի Անի Լուպեն պատասխանում է, որ, միանշանակ, երջանիկ են, որովհետև բոլորը միմյանց սիրում են, ու դա բացահայտվում է այն պահերին, երբ ընտանիքի անդամներից մեկին «դրսից» է վտանգ սպառնում՝ չնայած նրան, որ ամբողջ օրն այդ ընտանիքում վեճեր են ու կարծես թե մեկը մեկին չի հասկանում:

Չնայած սիթքոմը շատ ավելի ժամանցային ժանրի մեջ է, Անին, սակայն, գտնում է, որ այն նաև դաստիարակչական նշանակություն կարող է ունենալ, եթե, իհարկե, այն դիտելիս հեռուստադիտողը ճիշտ եզրահանգումներ անի. «Ես գիտեմ, որ «Ազիզյանները» նաև երեխաներ են դիտում, ու կարծում եմ՝ մեր փոքրիկ հեռուստադիտողները, տեսնելով Ազիզյանների երեխաների վարքն ու պահվածքը, հաստատ կարողանում են տարբերակել լավն ու վատը, ճիշտ ու սխալը, հասկանում են, որ ստել պետք չէ, ծնողին նեղացնել՝ նույնպես, իսկ վատ բառեր օգտագործելը գռեհիկ ու տգեղ է: Ազիզյաններիդուստրն ամբողջ օրը հեռախոսի մեջ է, այնպես, ինչպես ժամանակակից աղջիկների 90 տոկոսը, որոնց, բացի սելֆիներից ու շոփինգից, ուրիշ ոչինչ չի հետաքրքրում, և երբ դա ցուցադրվում է էկրանից, ակնհայտ է դառնում, թե որքան տգեղ ու անիմաստ է դա, որ այդպիսին լինել պետք չէ, որ այդ տարիքի աղջիկը պետք է իր ներաշխարհը հարստացնի, այլ ոչ թե զգեստապահարանը»:

Դերասանուհի Անի Լուպեի հետ խոսեցինք նաև նրա ծանրաբեռված աշխատանքային գրաֆիկից: Կամերային թատրոնի դերասանուհին  և՛ բեմում, և՛ էկրանին միաժամանակ լինելու հնարավորության համար շնորհակալ է  իր ղեկավարներին, ովքեր միշտ ընդառաջում ու աջակցում են իրեն. «Անկեղծ եմ ասում, մեր թատրոնի ղեկավարությունն այնպիսին է, որ ոչ մի դերասանի ոչնչով չի սահմանափակում, թեև դա անելու բոլոր իրավունքներն ունի, քանի որ շատ հաճախ է լինում, երբ նկարահանումները համընկնում են ներկայացումների փորձերի ժամերի հետ: Բայց մեզ ոչ միայն թույլ են տալիս այլ նախագծերում ընդգրկված լինել, այլ նաև մեզանից շատ են ուրախանում մեր հաջողություններով: Ես իսկապես անչափ շնորհակալ եմ իմ թատրոնի ղեկավարությանը»:

Ինչ վերաբերում է «Ազիզյանների» նկարահանման հարթակում տիրող տրամադրությանը, դերասանուհին նշում է, որ աշխատում են հրաշալի կոլեկտիվում. «Իսկապես հրաշալի անձնակազմ է աշխատում սիթքոմում, այնքան լավն են, չեք պատկերացնի: Նկարահանումներից դուրս էլ ենք շփվում, իսկ արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր եթերաշրջանի վերջին նկարահանման օրը լուսանկարվում ենք: Այս անգամ այդ օրը համընկավ եղբորս հարսանիքի օրվա հետ ու ես չնկարվեցի, բայց հարցի լուծում գտա: Մեկ այլ լուսանկարից ինձ կտրել ու ավելացրել եմ այդ լուսանկարի մեջ))», - պատմում է Անին ու խոստովանում, որ արդեն իսկ կարոտել է իրենց ուրախ նկարահանումները:

 

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել