Վերջերս քարոզի տեսքով շատ են խոսում այն մասին, թե Երևանի բնակչությունը պետք է շնորհակալ լինի Տարոն Մարգարյանին, պիտի հպարտանա նրանով, քանի որ նա իր պարտականությունները կատարում է, ու Երևանը բարեկարգվում է: Մինչ այդ էլ Ե. Զախարյանի, Գ. Բեգլարյանի ու Կ. Կարապետյանի մասին էին նույն կերպ արտահայտվում: Ավելին` վերջին երկուսի հրաժարականներից հետո ոմանց մոտ նույնիսկ սուգ էր սկսվել: 

Թող բոլորը ինձ ներեն, բայց ես բացարձակապես ո՛չ շնորհակալություն հայտնելու տեղ ունեմ, ո՛չ էլ, առավել ևս, հպարտանալու: 

Ինչի՞ համար հպարտանամ կամ շնորհակալ լինեմ:

  1. Մի տեղ 100 հատ ծառ են իբր տնկում, մի ուրիշ տեղ՝  կրկնակի, եռակի անգամ շատ հատում են: Տնկած ծառերին էլ չեն հետևում, ու դրանց 90 տոկոսը չորանում է: Միայն վերջին տասը տարիներին, եթե ծառեր չհատվեին, իսկ տնկածներին հետևեին, Երևանը արդեն մեծ այգու վերածված կլիներ:
  2. Ինչ-որ այգի են բարեկարգում ու դա բնութագրում են որպես բարի կամքի դրսևորում: Դրան հակառակ` Կենտրոնի բոլոր այգիները ամբողջովին վերածվել են սրճարանների, ռեստորանների և այլ մեծ ու փոքր շինությունների:
  3. Քաղաքում ինչ-որ դեկորացիաներ են տեղադրում, անունն էլ դնում են` «գեղեցկացնում ենք քաղաքը»: Երևանը անորակ պլաստմասե երաժշտական գործիքներով ու կենդանիներո՞վ պիտի գեղեցկանա:
  4. Շինություններ են կառուցում, որոնք բացարձակապես ոչ մի առնչություն չունեն ո՛չ մեր ճարտարապետության, ո՛չ էլ մշակույթի հետ: Հին շինությունների հերն էլ անիծում են` լիովին քանդելով կամ վերածելով սուպերմարկետների:
  5. Ծաղիկներ են տնկում, որոնք շատ կարճ ժամանակում չորանում են` պահպանվելով միայն հատուկենտ տեղերում:
  6. Իհարկե, կան նաև հատուկենտ մշտապես բարեկարգվող հատվածներ, որոնք, սակայն, բարեկարգվում և հսկվում են ոչ թե քաղաքապետարանի, այլ օտարերկրյա կամ մասնավոր ընկերությունների միջոցներով (Կասկադ, Սիրահարների այգի):
  7. Կենտրոնի որոշ փողոցների ասֆալտը գրեթե ամեն տարի ամբողջովին փոխում են, իսկ մնացած փողոցներին՝ լավագույն դեպքում կամ «լատկաներն» են բաժին ընկնում, կամ տարիներով մատնվում են անուշադրության: 
  8. Փոխանակ բարեկարգեին ու աղբից մաքրեին քաղաքի կենտրոնով անցնող Գետառ գետի հունը, վերցրեցին, ամբողջովին փակեցին այն՝ վերածելով ավոտաճանապարհի, չնայած մաստագիտորեն ապացուցվել էր, որ Գետառը մեծ նշանակություն ուներ շրջակա միջավարի միկրոկլիմայի վրա: Կոնկրետ ամառվա շոգ օրերին Գետառի շնորհիվ նրա շրջակայքում ջերմաստիճանը երկու, երեք աստիճան ցածր էր լինում, քան Կենտրոնի այլ հատվածներում:
  9. Ամեն տարի մարդկանց ասում են` նոր ավտոբուսներ ենք ներկրելու, ու տրանսպորտի խնդիր չի լինի, բայց ներկրելուց հետո կրկին նույն վիճակն է` երեկոյան կանգառներում ժամերով տրանսպորտ սպասող մարդիկ, իսկ ցերեկային ժամերին` խցանումներ: Ու դեռ մարդիկ տրանսպորտի շուտ ժամանելն ու դատարկ տեղ գտնելը համարում են բախտի հարց:


Եթե ինչ-որ լավ բան արվել է քաղաքապետարանի կողմից, ապա նախ դա իրենց աշխատանքն է եղել` պարտականությունը, որի համար ժողովուրդը հարկերի միջոցով նրանց աշխատավարձ է վճարել, և երկրորդ` արվածը հնարավորի 5 տոկոսը հաստատ չի գերազանցել: 

Ստացվում է, որ ես պիտի շնորհակալություն հայտնեմ քաղաքապետարանին ու հպարտանամ մեր վերջին քաղաքապետերով այն բանի համար, որ նրանք Երևանը վերջնականապես չեն վերածել «անապատի» ու սուպերմարկետների՞:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել