Ուրեմն` այսպես. «Եվրատեսիլ»-ի անցկացման հետ կապված ծախսերի մոտ 50 տոկոսը իր վրա է վերցնում Եվրոպական հեռարձակողների միությունը, այդ թվում՝ մասնակից երկրների անդամավճարների հաշվին։ Ֆինանսավորման մնացած մասը պետք է ապահովի տվյալ երկրում վերը նշված մրցույթի ազգային հեռարձակողը և հյուրընկալող քաղաքի իշխանությունները (քաղաքապետարանը)։

Image result for eurovision 2017

Երբ ուսումնասիրում ենք հյուրընկալող քաղաքների կատարված ծախսերը, ապա ակնհայտ է դառնում, որ ամենածախսատարը մրցույթի անցկացման համար նախատեսված համալիրի կառուցումն է կամ վերակառուցումը։ Իսկ մեր Մարզահամերգային համալիրը մոտ 30 տարի է՝ մասշտաբային վերակառուցում չի տեսել, և դեռ հայտնի չ՝, թե արդյոք որքան գումար կպահանջվի դրա համար․․․

Այսպես՝ առավել թանկ Եվրատեսիլները.

2009 - Ռուսաստան (Մոսկվա) – մոտ 44 միլիոն դոլար
Այդ գումարի մեծ մասը ծախսվել է «Օլիմիպիյսկի» մարզահամերգային համալիրի վերակառուցման և «Եվրատեսիլ»-ի պատմության մեջ ամենամեծ բեմի կառուցման համար։

2012 - Ադրբեջան (Բաքու) – մոտ 64 միլիոն դոլար
Այս գումարը չի ներառում մրցույթի համար կառուցված «Baku Crystal Hall» մարզահամերգային համալիրի ծախսերը (մոտ 130 միլիոն դոլար)։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ Բաքվում Եվրատեսիլի անցկացումն արժեցել է մոտ 800 միլիոն դոլար՝ նոր համալիրի կառուցումը, այդ կառույցը քաղաքի կենտրոնի հետ կապող ճանապարհի շինարարությունը, քաղաքում նոր ֆիրմային տաքսիների ներդրումը և այլ ենթակառուցվածքների բարելավումը։

2014 - Դանիա (Կոպենհագեն) – մոտ 60 միլիոն դոլար
Ի սկզբանե կազմակերպիչները ծրագրել էին ծախսել 15 միլիոն դոլարից ոչ ավելի, սակայն վերջնական ծախսերը կազմեցին մոտ 4 անգամ շատ՝ մոտ 60 միլիոն դոլար: Կազմակերպիչների խոսքով՝ այդ գերծախսի մոտ 90 տոկոսը կապված էր B&W Hallerne նախկին նավաշինարարական համալիրի վերակառուցման հետ։

Անշուշտ, ինչպես Օլիմպիական խաղերի պարագայում, այնպես էլ «Եվրատեսիլ»-ի դեպքում մրցույթի կազմակերպիչները ծախսերն «արդարացնում» են, այսպես կոչված, հետագա մուլտիպլիկացիոն էֆեկտով․ քաղաքն ավելի ճանաչելի է դառնում աշխարհի համար, հետևաբար զբոսաշրջիկների հոսքը կտրուկ ավելանում է, քաղաքի ենթակառուցվածքները նորանում և բարեկարգվում են։ Օրինակ՝ Շվեդիայի տուրիզմի կազմակերպությունը նշել է, որ 2013 թ․ Մալմյոյում անցկացված «Եվրատեսիլ»-ին այցելել է մոտ 48 հազար զբոսաշրջիկ և 1700 լրագրող, քաղաքը դարձավ ավելի ճանաչելի, և ավելացավ տարեկան զբոսաշրջային հոսքը։

Երկու տարի առաջ Ավստրիան «Եվրատեսիլ»-ի կազմակերպման համար ծախսել է մոտ 36.7 միլիոն եվրո (այդ գումարից 11.7 միլիոնը ծախսվել է համալիրի վերակառուցման և Վիեննայի մի շարք ենթակառուցվածքների նորոգման համար): Սակայն Վիեննայի առաջատար հետազոտությունների ինստիտուտի ներկայացված տվյալներով՝ Ավստրիայի համար ընդհանուր տնտեսական օգուտը կազմել է մոտ 38.1 միլիոն եվրո, որից 27.8 միլիոնը բաժին է ընկնում Վիեննային։ Ստացվում է, որ Ավստրիան ոչ միայն փակել է բոլոր ծախսերն, այլև «պլյուս»-ի մեջ է մնացել։

Վերջում ներկայացնեմ, թե վերջին տարիներին ով որքան է ծախսել «Եվրատեսիլ»-ի անցկացման համար (տվյալները ներկայացված են տարբեր աղբյուրներից)։

2009 - Ռուսաստան (Մոսկվա) – մոտ 44 միլիոն դոլար,
2010 – Նորվեգիա (Օսլո) – մոտ 37 միլիոն դոլար,
2011 – Գերմանիա (Դյուսեյդորֆ) - մոտ 37 միլիոն դոլար,
2012 - Ադրբեջան (Բաքու) – մոտ 64 միլիոն դոլար (եթե հաշվենք նաև այլ «գերծախսերը», որոնք սովոր են անել մեր «վայ հարևանները», ապա մոտ 180 միլիոն դոլար․ դա միայն ըստ պաշտոնական տվյալների, իսկ ըստ ոչ պաշտոնական՝ մոտ 800 միլիոն դոլար),
2013 – Շվեդիա (Մալմյո) – մոտ 26 միլիոն դոլար,
2014 - Դանիա (Կոպենհագեն) – մոտ 60 միլիոն դոլար,
2015 – Ավստրիա (Վիեննա) – մոտ 36.7 միլիոն եվրո կամ 42 միլիոն դոլար,
2016 – Շվեդիա (Ստոկհոլմ) – մոտ 43 միլիոն դոլար,
2017 – Ուկրաինա (Կիեվ) – ծրագրվում էր ծախսել մոտ 15-20 միլիոն դոլար (2005-ին Ուկրաինան ծախսել էր մոտ 30 միլիոն դոլար):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել