EXCLUSIVE

Հոգեբանները պնդում են, որ մարդու մասին ավելի շատ բան կարող են պատմել նրա աշխատասենյակն ու աշխատասեղանը,  քան ինքը կպատմի իր մասին: Նայելով մարդու աշխատանքային միջավայրին՝ կարելի է եզրահանգումներ անել նրա անձնային հատկանիշների, հետաքրքրությունների և բնավորության առավել վառ արտահայտված գծերի մասին:

BlogNews.am-ը նոր, հետաքրքրիր շարք է սկսում, որի շրջանակներում իր ընթերցողին կներկայացնի հայտնի քաղաքական և հասարակական գործիչների աշխատասենյակներն ու աշխատասեղանները: Միասին կփորձենք բացահայտել նրանց բնավորության անհայտ կողմերը:

Առաջինն այցելել ենք ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին: Աշխատասենյակն առաջինը  գրավում է իր բաց և լուսավոր գույներով, գեղեցիկ, զուսպ կահավորանքով և տարբեր անկյուններում դրված ծաղիկներով:

Ոչ մի անձնական և ավելորդ իր՝ աշխատասեղանին

Արփինե Հովհաննիսյանից առաջ այս աշխատասենյակում ոչ ոք չի աշխատել, այնպես որ, նոր վերանորոգման կարիք չի եղել, սենյակում ամեն ինչ իր ճաշակով և ցանկությամբ է:

Աշխատասեղանին չես գտնի անձնական որևէ իր, չկան լուսանկարներ: Տիկին նախարարն այս հարցում ինտրովերտ է. միայն  աշխատանքին վերաբերող ամենաանհրաժեշտ բաներն են ձեռքի տակ, և խանգարող ու ավելորդ ոչ մի իր:

«Ես իմ բոլոր աշխատասենյակներում, առհասարակ, ինձ «տանն եմ զգացել», և լուսանկարների ու անձնական այլ իրերի շնորհիվ «տնային» մթնոլորտ ստեղծելու կարիք չի եղել: Միայն մի քանի սիմվոլիկ հուշանվերներ ունեմ աշխատասեղանիս, որոնք պարզապես հավանել եմ բազմաթիվ այլ հուշանվերների կողքին: Օրինակ՝ բուն՝ որպես իմաստության խորհրդանիշ, և  A տառը, որն իմ անվան առաջին տառն է»:

«Աշխատասենյակն առաջին հերթին պետք է հարմարավետ լինի և տրամադրի աշխատելուն: Լինում են օրեր, երբ ես այստեղ եմ անցկացնում 12-14  ժամ։ Պետք է ոչինչ չճնշի և լրացուցիչ հոգնածության պատճառ չդառնա:

Իմ սեղանը պարբերաբար լցվում է. սեղանիս հայտնվում են շատ թղթեր, բայց դրանք ոչ թե չարված աշխատանքի կուտակման մասին են խոսում, այլ ընթացիկ պրոցեսի»:

Այս պահին տիկին նախարարի սեղանին են «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» և «Ազդարարման մասին» օրենքների նախագծերը:

«Հարմարավետ աշխատանքային միջավայրը ենթադրում է, որ դու պետք է քեզ շրջապատես պրոֆեսիոնալ մարդկանցով: Եվ այսօր ես կարող եմ հպարտանալ, որ արդարադատության նախարարությունում երիտասարդ և բանիմաց մասնագետների շատ լավ թիմ է հավաքված, ովքեր հիանալի են կատարում իրենց աշխատանքը»:

Գրքեր

Արփինե Հովհաննիսյանի աշխատասենյակում ամենաշատ տեղը գրքերն են զբաղեցնում՝ մասնագիտական գրականությունից մինչև գեղարվեստական գրքեր:

«Աշխատավայրում գեղարվեստական գրքեր կարդալու ժամանակ չունեմ: Երբեմն կարող եմ վերցնել այս գրքերից  մեկը և որևէ միտք դրա միջից վերընթերցել ու վերհիշել: Կարդում եմ տանը և աշխատանքի գալու ճանապարհին: Կարդում եմ տարբեր ժանրերի գրքեր՝ սյուրռեալիզմից մինչև ռոմանտիկա, միստիկա, փիլիսոփայություն և այլն: Վերջերս նոր սովորություն է մոտս. մի քանի գիրք միաժամանակ եմ կարդում: Օրինակ՝ այս պահին կարդում եմ Սուն Ցզիի «Ստրատեգիայի արվեստը», Ռեյ Բրեդբերիի «Մարսյան քրոնիկոնը» և Մարգարետ Թետչերի «Պետության կառավարման արվեստը»:

Բոլոր գրքերից զատ՝ մշտապես նրա սեղանին է Գրիգոր Նարեկացին:

«Ինչքան էլ կարդաս Նարեկացի, միևնույն է, այն ամբողջությամբ չես կարող հասկանալ ու վերլուծել: Չես կարող  խորությամբ հասկանալ այն աստվածային կատարելությունը, որին նա ձգտում է»:

Ամենագեղեցիկ քաղաքական գործիչների շարքում ներառված լինելը չի պարտավորեցնում 

Հարցին, թե Արփինե Հովհաննիսյանը դիմահարդարվում է արդյոք աշխատասենյակում, տիկին նախարարը ժպտալով պատասխանեց.

«Լինում են օրեր, որ այստեղ եմ դիմահարդարվում, լինում են նաև օրեր, որ ընդհանրապես չեմ դիմահարդարվում»:

Այն փաստը, որ իրեն հաճախ են ներառում աշխարհի ամենագեղեցիկ երիտասարդ քաղաքական գործիչների  շարքերում, չի պարտավորեցնում միշտ դիմահարդարված լինել:

«Այդ ամենին վերաբերվում եմ պարզապես որպես մի փաստի: Իհարկե, հաճելի է, բայց միայն այդ հրապարակումները չեն, որ ինձ պարտավորեցնում են միշտ գեղեցիկ և խնամված լինել: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, դա իմ էությունն է, ես պետք է ներդաշնակ լինեմ ինքս ինձ հետ»:

Ես կարծրատիպեր եմ կոտրել և ինձանից հետո եկողների համար ճանապարհ հարթել

«Հայաստանում իրականությունը միշտ ավելի առաջ է, քան վերաբերմունքը: Գուցե տեսակիս պատճառով ես քաղաքականության մեջ ամենից շատ քննարկված մարդկանցից մեկն եմ: Քննարկվել եմ երիտասարդության, արտաքին տեսքիս և սեռիս պատճառով: Ինձանից հետո շատ ավելի հեշտ է դարձել այս նույն ճանապարհով անցնելը: Ես հայ հասարակության մեջ քաղաքականությամբ զբաղվող կնոջ կերպարի վերաբերյալ կարծրատիպեր եմ կոտրել: Ինքս էլ չեմ գիտակցել, թե ինչ մեծ և ծանր բեռ եմ իմ ուսերին վերցնում: Բայց  արդյունքում վերցրել եմ և փորձել չտատանվել որոշմանս մեջ: Ինձ համար մոտիվացիա է եղել, որ ես ինչ-որ մեկի համար լավ բան եմ անում, ինչ-որ բան եմ փոխում, համակարգ եմ փոխում: Երբեք չեմ հիասթափվել և փոշմանել, միայն հոգնել եմ, ինչն էլ տևել է շատ կարճ:

Եթե ճանապարհ ես որոշում գնալ, կես ճանապարհից ետդարձ չկա, միայն առաջ. հետ տանող ճանապարհը ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»:

Նյութը պատրաստեց՝ Անի Հակոբյանը

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել