Երկրորդ համաշխարհային պատերազմին բազմաթիվ հայեր են մասնակցել, որոնցից շատերը հետագայում տարբեր պատիվների են արժանացել։ Այդ հերոսների թվում է նաև քչերին հայտնի Արթ Ջիբիլիանը, ով նացիստների կողմից գրավված Սերբիայում հարյուրավոր մարդկանց կյանքեր է փրկել։
Ջիբիլիանի կամ, ինչպես նրան ավելի հաճախ կոչում էին, Ջիբիի մասին հիշատակվում է Գրիգորի Ֆրիմանի «Մոռացված 500-ը» գրքում, որում նշվում է, որ Ջիբիլիանի արածն ուղղակի հերոսություն էր և համարվում է ամերիկյան զորքերի կողմից մարդկանց փրկելու ամենահաջողված փորձը։
Արթ Ջիբիլիանը Ռազմավարական ծառայությունների գրասենյակի երեք գործակալներից մեկն էր: 1944 թվականի օգոստոսին առաքելություն իրականացնելու ընթացքում նրանք պարաշյուտներով իջան Սերբիայի գրավված հատվածներից մեկի վրա, որպեսզի փրկեն ենթադրյալ 50 անօգնական օդաչուներին։ Սակայն վայրէջքից հետո պարզվեց, որ նրանք 513-ն են։
Հաջորդ վեց ամիսների ընթացքում Ջիբիլիանն օգնում էր նրանց ինքնաթիռի վայրէջքի ճանապարհներ կառուցել, նախաձեռնում էր էվակուացիոն թռիչքներ և սերբական գյուղերում մնացած մարդկանց պարբերաբար բժշկական օգնություն էր ուղարկում։ Այս ամենն անելու համար նրան աջակցում էր Դրաժա Միխայիլովիչը՝ Հարավսլավիայի թագավորական բանակի ղեկավարը։
Հերոս Ջիբիլիանն իր ողջ կյանքի ընթացքում փորձել է բարձր պահել Միխայիլովիչի անունը, այն մարդու, ով անօգնական օդաչուներին հյուրընկալում և ժամակավոր պահում էր իր իսկ տանը։ 1946 թվականին, երբ իշխանության եկավ Իոսիպ Տիտոյի կառավարությունը, Միխայիլովիչին մեղադրեցին նացիստներին օգնելու մեջ և մահապատժի ենթարկեցին։ Հարկ է նշել, որ դեռ պատերազմի տարիներին Իոսիպ Տիտոն Միխայիլովիչին իր թշնամին էր համարում։
Ջիբիլիանի դուստրը՝ Դեբ Ջիբիլիանը ասում է, որ իր հայրը միշտ պատմում էր այս տպավորիչ պատմությունները, որպեսզի կարողանա մարդկանց միջից վերացնել այն թյուր կարծիքը, թե Միխայիլովիչը նացիստ էր։ «Հայրս ցանկանում էր հրաժարվել մեդալից, քանի որ կարծում էր, որ հենց Միխայիլովիչի շնորհիվ է, որ կարողացան փրկել 513 օդաչուներին։ Միշտ ասում էր, որ Միխայիլովիչն այդ անելու համար շատ մեծ ռիսկի էր դիմել»։
Արթ Ջիբիլիանը 2 տարի շարունակ արյան լեյկոզով տառապելուց հետո մահացավ 2010 թվականին։



