Մայիսի 5-ին սկսվել է Կոնվերս բանկի թողարկած կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը, ինչից հետո պարտատոմսերը ցուցակվելու են «Nasdaq OMX Armenia» ԲԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:
Թողարկման ընդհանուր ծավալը կազմելու է 1 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխման ծավալը 6 մլն ԱՄՆ դոլար է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս, իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 5,75 տոկոս է:
«Այս թողարկմամբ Կոնվերս բանկը կդիվերսիֆիկացնի իր պարտավորությունների պորտֆելը՝ ներգրավված միջոցներն ուղղելով տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը»,- հայտնեց Կոնվերս բանկի գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:
«Պարտատոմսերը աշխարհում տարածված ներդրումային գործիքներից են, որոնք ավանդների համեմատ մի էական առավելություն ունեն. դրանք ցանկացած պահի կարելի է վաճառել մասամբ կամ ամբողջությամբ՝ պահպանելով կուտակված տոկոսագումարները»,- ասաց Կոնվերս բանկի ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:
Պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` ավանդների երաշխավորման ծավալներով:
Թողարկված պարտատոմսերի ռեեստրը վարելու է «Կապիտալ ինվեսթմենթս» ՓԲԸ-ն, որն իրականացնելու է նաև շուկա ստեղծողի գործառույթներ:
Նշենք, որ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի ընկերություն է և մատուցում է բանկային ծառայությունների ողջ տեսականին` վարկավորում, ավանդներ, վճարային քարտեր, ներդրումային և պահառուական ծառայություններ, հեռահար ծառայություններ, առցանց վճարումներ և այլն:
Բաժնետերերն  են «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն (80,94տոկոս), ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06% ) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս):
31.03.2017թ դրությամբ՝ Կոնվերս բանկի ակտիվները կազմում են 203,281,106 հազար դրամ, պարտավորությունները՝ 170,223,811 հազար դրամ: Բանկի ընդհանուր կապիտալը 33,057,295 հազար դրամ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել