Եգիպտոսի Սինայի թերակղզում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման ճյուղավորման՝ «Վիլայաթ Սինայի» դեմ եգիպտական ԶՈՒ-երին զուգահեռ ամենաարդյունավետ կերպով պայքարող ուժը «ալ-Թարաբին» բեդվինական ցեղային միությունն է: Ի դեպ՝ ի սկզբանե բեդվինները տարբեր պատճառներով հրաժարվել են համագործակցել եգիպտական բանակի հետ՝ իսլամականների դեմ համատեղ պայքարելու գործում:

Image result for al tarabin

Մինչդեռ վերջին շրջանում ԻՊ-ի ակտիվ ահաբեկչական հարձակումները Սինայում և Եգիպտոսի այլ շրջաններում փաստացի հարկադրել են թերակղզում գործող կառույցի հակառակորդներին՝ փոխելու նախկին գործելաոճն՝ առավել արդյունավետ պայքար մղելու նպատակով: Այսպես՝ ապրիլի 29-ին «Հանուն կրոնի թալանողներից և սպանողներից վերջնականապես ձերբազատվելու նպատակով» միավորվելու կոչով Սինայի բոլոր ցեղերին է դիմել «Ալ-Թարաբինի» առաջնորդ Իբրահիմ ալ-Ռաջին:

Ի դեպ՝ բեդվիններն իրենց դաժան գործելաոճով չեն զիջում իսլամականներին: Ապրիլի վերջին մի շարք եգիպտական լրատվամիջոցներ հաղորդել էին նշված ցեղային միության ներկայացուցիչների կողմից ձերբակալված ԻՊ-ի զինյալին կենդանի այրելու մասին. այս հաշվեհարդարը տեղի էր ունեցել «ալ-Թարաբին» ցեղային միության դեմ իսլամականների իրականացրած ահաբեկչական գործողությանն ի պատասխան, որին զոհ էին գնացել 4 բեդվիններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել