Երգչուհի Քրիստինե Պեպելյանը նոր երգ ու տեսահոլովակ ունի, որն իր հավատարիմ ունկնդրին կներկայացնի մայիսի վերջին: Իսկ մինչ այդ «Կամաց-կամաց» երգի պատմության մասին BlogNews.am-ը զրուցել է երգչուհու հետ ու պարզել մի շարք հետաքրքիր մանրամասներ.

«Լիրիկական, դանդաղ, հուզական երգ է, սիրո պատմություն»,- ասում է Քրիստինե Պեպելյանը երգի մասին: Երգի հեղինակներն են Գուրո Գասպարյանը և Նարեկ Ստամբոլցյանը: Գործիքավորումը ևս Գուրո Գասպարյանինն է: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, տեսահոլովակը նկարահանվել է Փարիզում: Իսկ թե ինչպես երգչուհին ու երգը գտան իրար, երգչուհին պատմում է. «Երգը պատրաստի վիճակում ինձ առաջարկեց հեղինակը, ում հետ ծանոթ չէի: Լսելուց հետո շատ հավանեցի, շատ գեղեցիկ երգ էր, բայց հրաժարվեցի ու ասացի, որ չեմ ուզում երգել զուտ նրա համար, որ շատ տխուր է: Սակայն երգի հեղինակը 10 օր անց նորից զանգեց ինձ, ասաց, որ այն էմոցիաներն ու հույզերը, որոնք ինքն է դրել երգի մեջ, միայն իմ մատուցմամբ կլինի փոխանցել մարդկանց, ու ստացվեց այնպես, որ ի վերջո որոշեցի կատարել երգը»:

 

Երգչուհին ասում է, որ սա իր երգն է, քանի որ այն կրկին վերադարձավ իրեն, երբ արդեն թվում էր, թե երգը ուրիշին է գտել: Ինչ վերաբերում է երգի բովանդակությանը, ապա այն սիրո հուզիչ ու թախծոտ պատմություն է. «Այս երգը հեղինակի զգացմունքների մասին է, ու ես պարզապես միջնորդ եմ այս հույզերը հեղինակից լսարանին փոխանցելու ճանապարհին: Ոչինչ չեմ փոխել երգի մեջ, ինձ թույլ չտվեցի ինչ-որ բան փոխել հեղինակի զգացմունքների մեջ»:  

«Կամաց-կամաց» երգի տեսահոլովակը նկարահանվել է Փարիզում, սակայն  ասել, որ տեսահոլովակը ֆիքսված է հենց փարիզյան տեսարանների ու տրամադրության վրա, ճիշտ չէր լինի: Այն մինիմալիստական ոճի մի աշխատանք է, որտեղ գլխավոր թեման երգն ու նրա բառերն են, այլ ոչ թե կադրում երևացող տեսարանները. «Այդ շրջանում պետք է ողջ թիմով Փարիզ մեկնեինք՝ ռեժիսոր, վարսահարդար, դիմահարդար։ Որոշեցինք, որ հենց Փարիզում էլ կնկարահանվի երգի տեսահոլովակը, քանի որ հենց սկզբից էլ որոշվել էր, որ այն պիտի սև ու սպիտակի մեջ լինի, իսկ այդ առումով Փարիզից ավելի լավ տարբերակ չէր կարող լինել: Տեսահոլովակի մեջ Փարիզը որպես շքեղ մայրաքաղաք չի շեշտվում: Չկան տեսարաններ Լուվրից, Էյֆելյան աշտարակից, Փարիզի այլ խորհրդանիշներից: Միայն արձաններն են, որոնք բնորոշ են Փարիզին, բայց հատուկ ակցենտ չկա Փարիզի վրա: Միտում չկար որևէ բան ցույց տալու կամ որևէ կերպար ստեղծելու: Այս երգի ասելիքն ուրիշ է, ու հետևաբար տեսահոլովակում էլ առաջին պլանում պետք է լիներ երգը, ինչն էլ մենք ստացել ենք: Սյուժետային գիծ չկա, չնայած կա կերպար, որն անընդհատ քայլում է» :

Լայն լսարանի համար երգը դեռ հասանելի չէ, սակայն, ինչպես երգչուհին նշեց, «խոհանոցային» տարբերակով ով լսել է, հավանել է այն. «Լսողների 99 տոկոսը հուզվել է երգից: Շատ էմոցիոնալ երգ է, ու արել եմ ամեն ինչ, որ այն հնարավորինս անկեղծ մատուցեմ: Համոզված եմ, որ այն լսելուց հետո շատերը հենց իրենց կյանքի պատմությունն են հիշելու»,- եզրափակեց Քրիստինե Պեպելյանը:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ երգչուհու անձնական արխիվից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել