Թուրքիայի բանտերում մոտ 170 լրագրող կաPanARMENIAN.Net-ը գրում է.

 Տարբեր աղբյուրների համաձայն՝ Թուրքիայում այս պահին անազատության մեջ է գտնվում 159-ից 168 լրագրող: Տվյալը ներկայացրել է Birgün թերթի կայքը՝ մայիսի 3-ին Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվանդրադառնալով լրագրողների դրությանը Թուրքիայում:

Ըստ թերթի՝ վերջին մեկ տարում արտակարգ դրության պայմաններում ընդունված, օրենքի ուժ ունեցող որոշումների շրջանակներում Թուրքիայում դադարեցվել է հարյուրավոր հրատարակությունների գործունեությունը:

Մամուլի ազատության օրվա կապակցությամբ թուրքական թերթին հարցազրույց տված տարբեր թուրքական իրավապաշտպան կառույցների և լրագրողական միությունների ղեկավարները դատապարտել են երկրում մամուլի և լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումներն ու բռնությունները՝ նշելով, որ Թուրքիան վերածվել է բացօթյա բանտի:

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների հանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Բարըշ Յարքադաշը թերթի հետ զրույցում ասել է. «Թուրքիան լրագրողների համար դարձել է իրական դժոխք: Նրանց ազատությունները լիովին զրոյի են հավասարեցվել: Լրագրողները շնչել անգամ չեն կարողանում: Հարյուրավոր լրագրողներ ամիսներ շարունակ փակված են բանտերում, իսկ նրանց մեծ մասի վերաբերյալ մեղադրական եզրակացություններն անգամ դեռևս կազմված չեն»:

Յարքադաշը հիշեցրել է, որ անազատության մեջ է գտնվում նաև Birgün թերթի թղթակիցներից մեկը, ում վերաբերյալ ոչ առաջադրված մեղադրանքն է դեռ հայտնի, ոչ մեղադրական եզրակացությունն է պատրաստ:

Freedom House-ի կողմից հրապարակված մամուլի ազատության համաշխարհային զեկույցում Թուրքիան զբաղեցրել էր 163-րդ տեղը՝ ընդգրկվելով անազատ մամուլ ունեցող երկրների ցանկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել