Image result for Ծառուկյան դաշինքումԱյն, ինչ երկու օր է՝ տեղի է ունենում նորընտիր խորհրդարան անցած «Ծառուկյան դաշինքում», ապստամբություն է։ Երեկ երեկոյան արդեն պարզ դարձավ, որ «Ծառուկյան դաշինքից» ԱԺ անցած թե՛ ռեյտինգային, թե՛ համապետական ցուցակով բավական մեծ քանակությամբ պատգամավորներ «իրենց» դիմումի համաձայն հրաժարվում էին պատգամավորի մանդատից։ Սակայն, երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչները համապատասխան հարցադրումներով դիմել էին իրենց մանդատներից «ինքնակամ» հրաժարվողներին, պարզվել էր՝ նրանցից շատերը այդ մասին տեղեկացել են ԶԼՄ-ներից և բացարձակ մտադրություն չունեն հրաժարվելու պատգամավորության լիազորություններից։ Այսինքն՝ շատերի անունից ինքնաբացարկի դիմումները կեղծիք են։
Սա արդեն աննախադեպ էր և իր հետևանքներն էր ունենալու։
Իսկ այդ հետևանքներն իրենց երկար սպասել չտվեցին։ «Ծառուկյան դաշինքից» «ինքնաբացարկ» հայտնած 23 պատգամավորներից 12-ը վերականգնեցին իրենց ոտնահարված իրավունքները, և շատերը, ի հեճուկս Գագիկ Ծառուկյանի, կհայտնվեն ԱԺ-ում։ Սա առաջին կոնֆլիկտն էր «Ծառուկյան դաշինքում», որը տեղի ունեցավ 7-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստից առաջ և որը հավանական է՝ դառնա դաշինքի պառակտման պատճառ։
«Ծառուկյան դաշինքի» ղեկավարության գլխավոր սխալներից մեկը կարելի է համարել ռեյտինգային ցուցակներում առաջատար դիրք զբաղեցրած թեկնածուներին խաղից դուրս բերելը և յուրայիններին, որոնք անհամեմատ ավելի քիչ ձայներ էին բերել դաշինքին, ԱԺ մտցնելու փորձերը։ Կային թեկնածուներ, որոնք չըմբոստացան դաշինքի ղեկավարի այս որոշման դեմ։ Բայց եղան նաև նրանք, ովքեր բացահայտ մեղադրեցին վերջինիս իրենց անունից կեղծ ինքնաբացարկ ներկայացնելու մեջ և վերականգնեցին իրենց իրավունքները ԿԸՀ-ի՝ մի քանի ժամ առաջ տեղի ունեցած նիստում։ Ռեյտինգային թեկնածուները շատ լավ գիտեն իրենց արժեքը, և սպասելի էր նրանց կողմից այսպիսի արձագանքը։
Այլ հարց է այն թեկնածուների ոգևորությունը, որոնք անցել են «Ծառուկյան դաշինքի» համապետական ցուցակով և շատ լավ գիտեն, որ ունենալով 0,1% վարկանիշ՝ երբեք ԱԺ-ում չէին հայտնվի, եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը։ Բայց խնդիրն այն է, թե ինչու հասարակության մոտ վարկանիշ չունեցող այս անձինք հայտնվեցին «Ծառուկյան դաշինքի» ցուցակում, որ հիմա էլ նրանցից փորձում են ձերբազատվել, իսկ վերջիններս էլ ընդդիմանում են։
«Ծառուկյան դաշինքի» շուրջ տեղի ունեցող այս իրադարձությունները վարկաբեկում են այս քաղաքական ուժին, որը, դեռ ԱԺ-ում չհայտնված, արդեն պառակտվել է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել