ԶԼՄ-ներ. Սիրիայում փախստականների ճամբարի վրա հարձակման արդյունքում 46 զոհ կաPanARMENIAN.Net-ը գրում է.

«Իսլամական պետության» ահաբեկիչները մայիսի 2-ին գրոհել են սիրիական Ռաջմ էս Սալիբի բնակավայրը Սիրիայի հյուսիս-արևելքում, որտեղ փախստականների ճամբարն է գտնվում: Ինչպես հայտնել է The Daily Star-ը, հարձակման արդյունքում 46 մարդ է սպանվել, այդ թվում «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» 15 քուրդ մարտիկի: Մյուս զոհերը խաղաղ բնակիչներ են, հիմնականում կանայք և երեխաներ: Տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Քրդերի ռազմական ներկայացուցիչ Ռիդոր Հալիլը հայտարարել է, որ հարձակմանը մասնակցել են մահապարտ ահաբեկիչները, որոնք պայթեցրել են իրենց պահակակետի մոտ: Հետո ահաբեկիչները ներխուժել են փախստականների ճամբար, որտեղ հաշվեհարդար են տեսել անզեն մարդկանց հետ: Նրանց հաջողվել է պատանդ վերցնել մի խումբ մարդկանց և հեռանալ հանցանքի վայրից:

Ըստ քուրդ ակտիվիստ Իսամ Ամինի, Ռաջմ էս Սալբիի ճամբարում են հավաքվում փախստականներ Ռաքքայից և Դեր Զորից, որտեղ այժմ մարտական գործողություններ են գնում, և իրաքյան Մոսուլից, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Մինչ այդ «Իսլամական պետության» գրոհայինները Սիրիայում հարձակվել են փախստականների շարասյան վրա, Էլ Հոուփ ճամբարից ոչ հեռու: Առնվազն 25 մարդ սպանելով, ևս 100-ը վիրավորվել է:

Սիրիայում 15 պաշարված գոտի կա, որտեղ գրեթե 700.000 մարդ, որից 300.000-ը, ըստ գնահատականների, երեխաներ են, շարունակում են պաշարման մեջ մնալ: Մոտավորապես 5 միլիոն մարդ, այդ թվում՝ 2 միլիոն երեխա, ապրում է մարդասիրական օգնությունը տեղ հասցնելու առումով ծայրահեղ դժվար հասանելի վայրերում՝ կռիվների, վտանգների և սահմանափակ հասանելիության պատճառով:

Վերջին շրջանում «Իսլամական պետությունը» կորցնում է Սիրիայում և Իրաքում իր վերահսկած տարածքների մեծ մասը: Սիրիայում ներկայում նրանք վերահսկում են խոշոր քաղաքներից միայն Ռաքքան: Իրաքի Մոսուլ քաղաքում իսլամիստների վերահսկողության տակ մնացել է միայն մի փոքր հատված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել