Հունիսի 11-ի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա երգիչ Արաբո Իսպիրյանի մենահամերգը: Հայաստանից դուրս երգիչը ելույթներ շատ է ունեցել: Հայաստանում էլ բազմաթիվ անգամներ է երգել տարբեր բեմահարթակներում, սակայն, որպես մենահամերգ հայրենիքում, սա նրա համար լինելու է դեբյուտային: Համերգի գաղափարի, ծրագրում տեղ գտած համարների ու երգչի սպասելիքների մասին BlogNews.am-ն այսօր զրուցել է Արաբո Իսպիրյանի հետ.
«Սա լինելու է իմ առաջին մենահամերգը Հայաստանում: Եղել են համերգներ, որոնց մասնակցել եմ թե՛ հայրիկիս և թե՛ եղբորս՝ Աղասի Իսպիրյանի հետ: Բայց որպես մենահամերգ՝ սա առաջինն է ու չեմ կարող նկարագրել՝ որքան եմ սպասում այդ օրվան»,- նշում է Արաբո Իսպիրյանը: Մենահամերգի գաղափարը երգիչն ու համերգի ռեժիսորը վաղուց ունեին, սակայն բազմազբաղ ու ստեղծագործական բուռն ընթացքի մեջ միայն հիմա է ստեղծվել հարմար պահն այն կազմակերպելու համար: Բացի դրանից՝ երգիչը նշում է, որ հայրենիքում մենահամերգ ունենալու հարցին շատ պատասխանատվությամբ է վերաբերվել ու միայն հիմա է գտնում, որ այդ պահը հասունացել է:
«Ռեժիսոր Վահե Հարությունյանի հետ վաղուց ունեինք Երևանում մենահամերգ ունենալու մտադրություն, քանի որ հաճախ է եղել, որ հանդիսատեսը հետաքրքրվել է՝ իսկ մենահամերգ չենք ունենալո՞ւ: Կարծում եմ՝ այս մենահամերգը շատ սպասված է ինչպես իմ, այնպես էլ հանդիսատեսի համար, ու կազմակերպչական առումով ամեն ինչ անում ենք, որպեսզի արդարացնենք այն սպասելիքները, որոնք ունի հանդիսատեսն իմ մենահամերգից»:
Երգերի պրեմիերաներ, գեղեցիկ շոու-ծրագիր, պարային համույթների մասնակցությամբ տարբեր պարային համարներ: Բացի երգչի երգացանկում տեղ գտած ու բավականին սիրված և ճանաչված երգերից՝ Արաբոն խոստանում է իր հանդիսատեսին մի քանի երաժշտական անակնկալ ևս: Համերգի ընթացքում Արաբոն առաջին անգամ կկատարի ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի հայտնի կատարումներից մեկը, որը կներկայացնի իր ուրույն մատուցմամբ: «Պլաններում կա, որ շոուի մեջ նաև ես ընդգրկվեմ, սակայն մանրամասների մասին չեմ ուզում դեռ խոսել: Ինչ վերաբերում է կազմակերպչական մնացած հարցերին, ապա ամեն ինչ բուռն ընթացքի մեջ է, ու համոզված եմ, որ մինչև հունիսի 11-ը ամեն ինչ կհասցնենք այնպես, ինչպես պլանավորել ենք»,- նշում է երգիչն ու հույս հայտնում, որ համերգից հետո համերգասրահից իր հանդիսատեսը կհեռանա հոգեպես բավարարված ու տպավորված:
Ինչ վերաբերում է համերգի մասին տեղեկություններին, ապա հանդիսատեսն ամբողջական ինֆորմացիան կարող է ստանալ հեռուստագովազդից, աֆիշներից, երգչի ֆեյսբուքյան էջից, իսկ տոմսեր ձեռք բերելու համար պետք է զանգահարել 094 12 46 06, 099 12 46 06 հեռախոսահամարներով:
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի