Ծաղկազարդ... շատ սիրելի տոն է դարձել, դա վկայում են եկեղեցիների չորսկողմ կուտակված վաճառողները, որոնք պոկռտել են ուռենիների նոր բողբոջած ճյուղերը և վաճառում են մեռած գարունը` ավետելով կամ գուժելով գարուն... 

Մարդկանց հերթեր եկեղեցիների մոտ, որոնք ցանկանում են ստանալ «օրհնված» պսակներ, վաճառողներ, որոնք տակից տալիս են նույն այդ «օրհնված» ուռենու պսակները...
Մարդիկ... որոնք հիշում են. պետք է այրել նախորդ տարվա պսակը, թե չէ հաջողություն չի բերի... Պետք է կախել նորը հին պսակի մեխից, որ դարձել է յուրօրինակ վկա մեռած-ծաղկած ուռենու օրըստօրե մումիականացմանը...
Ծաղկազարդը յուրաքանչյուր եկեղեցու կողքին է... ծաղկասպանները` կուտակված...


Իսկ այս փոքրիկի ափի մեջ այնքան մեծ հավատ կա, որ անշունչ ճյուղը ցանկանում է ապրել` հանուն նրա:
Ասֆալտի մեջ նա գտել էր ճեղք և ամուր բռնել ճյուղից...ինչպես տղայի մայրն ամուր բռնում էր իր ձեռքը, քանի դեռ չէր կարողանում քայլել: Բայց ճյուղը չէր կարողանում քայլել, նա ամուր չէր կանգնում իր մի ոտքի վրա...

Տղան նայեց շուրջը և տեսավ հաստաբուն ծառի վերջին շունչ-կոճղը, որի ճաքճքած մարմնից նա հող տեսավ... Միտքը կայծակեց. ահա, ահա թե ինչն է այս հսկային պահել կանգուն. հողը...
Նա սկսեց կոճղից հող տանել փոքրիկ ճյուղին ոտքի կանգնեցնելու համար...

Անվերջ կտաներ հողը, միայն թե ճյուղը դառնար իր նման` սեփական ոտքի վրա կանգնած: Սակայն հայտնվեցին մեծերը, որոնք ամեն ինչ գիտեն այս աշխարհում և գիտեն, որ ասֆալտի այդ ճեղքի մեջ այդ չորացած ճյուղը երբեք ծառ չի դառնա: Եվ ասացին, ասացին ճշմարտությունը` ցույց տալով իրենց առավելությունը տղայի նկատմամբ, որ նա դեռ փոքր է և ոչինչ չի հասկանում, որ նա դեռ... 

Տղան փախավ այդ տեղից, փախավ, ինչպես փախչում են, երբ տեսնում են, թե ինչպես են սպանում, իսկ այստեղ սպանվել էր հավատը` նորածիլ, բողբոջած հավատը...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել