Image may contain: 1 person, standingՄերձավորարևելյան ներկա հակամարտությունները վերլուծելիս՝ կարելի է հանգել հետևյալ եզրակացության՝ դրանցում ներգրավված բոլոր դերակատարների համար գործում է «Կարո՞ղ ես, արա՛» սկզբունքը: Դիցուք, հակամարտային գոտիները բացառիկ աշխարհագրական տարածքներ են, որտեղ, ըստ էության, չեն գործում աշխարհում առկա աշխարհակարգն ու իրավահարաբերությունները. դրանց շրջանակներում առավել առարկայական հատկանիշներ են ուժը, հնարամտությունը, ճկունությունը: Ինչ խոսք, բոլոր դերակատարների համար էլ կան տարբեր «հաստության կարմիր գծեր», որոնք տրորելու պարագայում, պայմանավորված դերակատարի հնարավորություններով, նախազգուշացումները կամ «ապտակները» երաշխավորված են:

Տարածաշրջանում փաստացիորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլորը բոլորի շահերն ընդունում, ճանաճում են, իսկ դիմակայությունը ծագում է դրանց առարկայացման ճանապարհին, երբ տեղի է ունենում շահերի բախումը:

Վերոնշյալի ամենաբնորոշ օրինակը Իսրայելի և Թուրքիայի գործողություններն են, որոնք նախ և առաջ իրենց բնույթով և իրավական տեսանկյունից ագրեսիա են՝ հարևան երկրների «ինքնիշխանության» և «տարածքային ամբողջականության» նկատմամբ, ինչի մասին միջազգային իրավունքի մերօրյա «պահապանների» կողմից, բնական է, որ պետք է առնվազն բարձրաձայնվի: Բայց նույն այդ «պահապանները», նաև մյուս դերակատարներն, անգամ հակառակորդ ճամբարում, շատ քաջ գիտակցում են, որ և՛ Թել Ավիվը, և՛ Անկարան, ինչ-որ առումով, սեփական անվտանգության խնդիրներն են լուծում՝ հնարավորինս թուլացնելով իրենց համար անվիճելի սպառնալիք հանդիսացող կառույցները:

Մյուս կողմից, արդի միջազգային իրավունքի սահմաններն այնքան առաձգական են, որ «հզորների» քաղաքականության «միջամտությամբ» միջազգային հարաբերությունների ոչ ֆորմալ(երբեմն նաև ֆորմալ) մասնակիցները կարող են շատ հանգիստ գտնվել դրանց շրջանակում կամ դուրս մղվել՝ որակվելով որպես, արդեն դասական դարձած, «ահաբեկչական կառույցներ», իսկ նրանց գործունեությունը՝ ահաբեկչական, որքան էլ այն արդարացված կամ հիմնավորված լինի:
Լավ է, թե վատ, օբյեկտիվ իրականություն է՝ նաև մերօրյա «ուժեղի ու թույլի» աշխարհում՝ «Կարո՞ղ ես, արա՛»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել