Սանյասին… Արևելքի թափառական հոգևոր անձ՝ հրաժարված ընտանիքից ու աշխարհից, իմաստության անընդմեջ որոնումների մեջ:

Հայ սանյասին: Այդպիսիք կամ նմանները գուցե եղել են հայոց մեջ: Չեմ հանդիպել գրականության մեջ:

Բայց ազգերն ունեն իմաստության կարիք: Իմաստունների կարիք: Մանավանդ մեր պարտասուն ազգը, որն ուզում է թոթափել ստրկության շղթանները: Մի օր որոշեցի նրանց փնտրել: Ոչ թափառ ճանապարհների վրա, այլ ավելի դժվար մի տեղ՝ հայ կյանքի խաչմերուկներում, հայ կյանքի մեջ – մթագնված արտագաղթով, անպաշտպանվածությամբ, կարիքի ու նախանձի բավիղներում:

Մեկին գտա – լեզուն պայծառ, երգը պայծառ, ինքը պայծառ: Եվ Բարձր Ուղերձները դրած թևի տակ: Ասացի՝ էդ Ուղերձները կյանքի կոչելու համար պիտի բահով բացել առունները, ջուրը ծառին ու երեխային հասցնել, ՁԵՎԵՐ պիտի ստեղծել: Բայց պայծառ հոգին ասաց – Վերևներից ասել են՝ ինչ պիտի անենք… Եվ գնաց, չգիտեմ, թե ուր… Մյուսի դուռը գնացի – ինքը պայծառ, միտքը պայծառ, լեզուն պայծառ, Արևելքի լույսերի մեջ: Ասացի՝ մեր ազգը հենց քո կարիքն ունի, առիթ ու կայան կա, արի՜ օգնի՜ր, ՁԵՎ ու ԹԵՎ ստեղծենք: Էս սանյասինը միանգամից էնքան իմաստուն բան ասաց, որ գլուխս պտտվեց, աչքերից էլ տեսա, որ մենակ թռչուն է, վախենում է կորցնել իր հպարտ մենակությունը… Եվ թռավ, չգիտեմ թե ուր… Երրորդի մոտ գնացի – ինքը պայծառ, առակը պայծառ, լեզուն պայծառ: Նույնն ասացի և պատասխան լսեցի – ի՛նչ նոր պետություն ստեղծել, ի՛նչ բան – դրանց վերջը գալու է, ես էդ գործի մեջ չկամ: Եվ շուռ եկավ ու գնաց:

Ուզեցա Սասունցի Դավթի մոտ գնամ ու ասեմ – Պաբե, մի ճար արա, քո ժողովուրդն ուզում է նոր պետություն ստեղծել, բայց երկրի իմաստունները գործ մեջ չեն… Երկրի անփորձներն են գործի մեջ: Բայց փոշմանեցի – մեր Ծուռը Վարդան Սեդրակյանից հետո մարդ չի տեսել, դագանակը չառնի ու վրա հասնի…

Վերադարձա տուն և էս ստատուսը գրեցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել