Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.

«Կարծում եմ՝ շատերի համար ակնհայտ է, և անցած խորհրդարանական ընտրությունները դա ապացուցեցին, որ մեր քաղաքական լիդերները շատ քիչ են մտածում նույնիսկ այն խնդիրների մասին, որոնց վերաբերյալ «նախընտրական դատողություններ» են անում: Անգամ տնտեսական հարցերի մեջ չխորացած մարդը, եթե 2-3 րոպե «գլխին զոռ տա», կհասկանա, որ «ծանոթ շեյխ գտնեմ, նա ներդրում կանի», կամ «Նաիրիտը խոդի տանք» տիպի արտահայտությունները պարզապես օդի տատանում են: Կամ՝ այս, ավագանու ընտրարշավում մեկն առաջարկում է հետևյալ կերպ լուծել Երևանի տրանսպորտի խնդիրը՝ ավելացնել մետրոյի վագոնների թիվը: Էլ ո՞ւր մնացին ավելի բարդ՝ անվտանգության, պետական կառավարման, աշխարհաքաղաքական խնդիրները: Ես մեր լիդերներին չեմ մեղադրում՝ նրանք հաստատ Թրամփից հիմար չեն:

Պարզապես կայացած երկրներում կա նաև կայացած մտավոր վերնախավ, որն, ի վերջո, ուղղորդում է քաղաքական գործիչներին: Այդ վերնախավը հենց այնպես չի «ծլի», այն պետք է դաստիարակվի, նաև՝ ինքնադաստիարակվի: Երբ Արմեն Աշոտյանը հրավիրեց Առաջին նախագահին դասախոսություններ կարդալու ՀՀԿ քաղաքական դպրոցում, դա ընկալվեց որպես կատակ: Բայց աշխարհում ընդունված պրակտիկա է. փորձ ունեցող, բայց թոշակի գնացած գործիչները, այդ թվում առաջին դեմքերը հովանավորում են լուրջ վերլուծական կենտրոններ, դասախոսություններ են կարդում համալսարաններում: Մեզանում ամեն ինչ առայժմ գավառական նեղվածությունների մակարդակին է»,–գրում է թերթի խմբագիրը։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել