Ամերիկյան The Boston Globe պարբերականը անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը: Հոդվածը հեղինակել է հայազգի Քրիս Բոհջալյանը, ով 19 նովելների հեղինակ է, այդ թվում և՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող ‹‹Ավազե ամրոցի աղջիկները›› գրքի: BlogNews-ը ձեզ է ներկայացնում հոդվածի թարգմանությունը:

Ադոլֆ Հիտլերն իր աշխատասենյակում պահում էր Աթաթուրքի կիսանդրին: Հենրիխ Հիմլերը 1920-ականների մտածում էր Թուրքիա տեղափոխվելու մասին: Ռուդոլֆ Հեսը՝ Օսվենցիմ գերմանա-ֆաշիստական համակենտրոնացման ճամբարի պարետը, իր հուշագրերում խոստովանել է, որ առաջին անգամ մարդ է սպանել Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան բանակում ծառայելիս: Առանց որևէ կասկածի՝ երիտասարդ նացիստները երիտասարդ թուրքերի (երիտթուրքերի) մեծ երկրպագուներն են եղել:

  

‹‹Երիտասարդ թուրք›› (երիտթուրք) եզրույթն այժմ ընկալվում է որպես խստապահանջ երիտասարդ գործադիր, պահանջկոտ և կոշտ ձեռնարկատեր: Մինչդեռ մեկ դար առաջ երիտթուրքեր Թալեաթ, Ջեմալ և Էնվեր փաշաները եղել են Օսմանյան կայսրության առաջնորդները, ովքեր հեղինակել են հայերի ցեղասպանությունը՝ 1.5 միլիոն հայերի համակարգված ոչնչացումը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում: Օսմանյան կայսրության ներքո բնակվող 4 հայից 3-ը սպանվում են երկրի ղեկավարության հրամանով. բնակչությունը Ստամբուլից դուրս էթնիկապես զտվում էր հայերի, ասորիների և հույների ազգային փոքրամասնություններից:

Իսկ գերմանացիները՝ Օսմանյան կայսրության դաշնակիցներն, այնտեղ էին: Նրանք տեսել են այդ ամենը: Հալեպից Էրզրում ձգվող գերմանացի դիվանագետների մալուխները, որ տեսագրում էին այդ բոլոր ոճրագործությունները, նույնքան հստակ են, որքան գերմանացի բժիշկ Արմին Վեգների արած սովամահ լինող երեխաների և մահացող կանանց լուսանկարները: Եվ մինչդեռ որոշ գերմանացիներ սարսափահար էին լինում իրենց տեսածից, մյուսներն ակնհայտորեն ոգեշնչվում էին:

Պատերազմից հետո Մուստաֆա Քեմալը (Աթաթուրք) ավարտին հասցրեց երիտթուրքերի գործը՝ շրջելով իր զորքերը հայերի և հույների դեմ, վտարելով նրանց և հուսալով ստեղծել միատարր թուրքալեզու ազգ: Ոչ մի ազգային փոքրամասնություն, որ կպղտորեր օրակարգը: Այնուհետև, ստալինյան ֆանատիզմով ոգեշնչված, Թուրքիայի կառավարությունը սկսեց վերաշարադրել պատմությունը՝ ժխտելով կոտորածը: Հայերը զոհերից վերածվեցին դավաճանների. իրական պատմությունը ջնջվեց: Ահա թե ինչու է Թուրքիան մինչ օրս շարունակում ժխտել իրականությունը պաթոլոգիկ մոլուցքով: Վերջին բանը, որ նրանք ուզում են, այն է, որ Մուստաֆա Քեմալը կամ էլ երիտթուրքերը կրեն ‹‹պատարազմական հանցագործ››-ի մականունը կամ էլ իրենց ազգին դնեն գումարային փոխհատուցում վճարելու ռիսկի տակ, որն, անշուշտ, ուղեկցում է ‹‹ցեղասպանություն›› երևույթի ընդունումը:

Այսօր Ապրիլի 24-ն է, այն օրը, երբ ողջ հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սկիզբը. այդ գիշերը 1915 թվականին Օսմանյան իշխանությունները շրջափակեցին հայ քաղաքական, ինտելեկտուալ և կրոնական առաջնորդներին և մահապատժի ենթարկեցին գրեթե բոլորին:

Այս սարսափելի տարելիցը ոգեկոչելու համար ԱՄՆ նախագահը, ամենայն հավանականությամբ, կգտնի հերթական մի մեղմասություն ‹‹ցեղասպանություն›› բառն օգտագործելու փոխարեն, քանի որ դրախտն արգելել է Ամերիկային, ինչ էլ լինի, Թուրքիայի հետ հարաբերությունները ռիսկի տակ դնել՝ իրերը կոչելով իրենց անուններով: Հավատացեք ինձ, Սպիտակ տան նախագահի ելույթներ գրողներն այս պահին, անկասկած, չափազանց հոգնած տեսք ունեն:

Կոնգրեսը նույնպես չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, և ես ոչ էլ հույս ունեմ, որ նրան կհաջողվի բարոյական ողնաշար դեմ տալ իրական քաղաքականությանը:

Սակայն հետաքրքիր է, բայց Գերմանիան դա արեց: Անցած տարի Գերմանիայի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց կոտորածները ցեղասպանություն կոչելու օգտին:

Պատմաբանները հաճախ նշում են, որ ցեղասպանության վերջին էտապը ժխտումն է, իսկ ժխտումը դառնում է հաջորդ ցեղասպանության առաջին էտապը: Ինչպես ասում է նովելներիցս մեկում կերպարներից մեկը. ‹‹Կա մի գիծ, որ կապում է հայերին, հրեաներին, կամբոջիացիներին, բոսնիացիներին, ռուանդացիներին: Իհարկե, շատ ավելին էլ կա, բայց իսկապես, քանի՞ ցեղասպանություն կարող է տեղավորվել մեկ նախադասության մեջ››:

Հոլոքոստը կարող էր տեղի ունենալ և առանց Հայոց ցեղասպանության նախադեպի: Սակայն, ինչպես նշում է պատմաբան Ստեֆան Իրիգը իր ‹‹Ցեղասպանության արդարացումը›› գրքում, երիտասարդ նացիստները հետևել են երիտթուրքերի օրինակին: Նրանք տեսել են, թե որքան հեշտ է ամեն բան բարդել մի փոքր ժողովրդի վրա, մեղադրել նրանց ամեն ինչում և ապա սպանել նրանց: Նրանք դա տեսել են և լցվել են համարձակությամբ: Ինչպես Հիտլերն էր ասել՝ դիմելով իր Վերմախտին 1939 թվականի օգոստոսի 22-ին. ‹‹Ես մահվան պատրաստակամությունս եմ դրել այն հրամանի մեջ, որ արձակել եմ՝ ասելով անխղճորեն սպանել լեհ ագության և լեհերեն խոսող տղամարդկանց, կանանց և երեխաներին: Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի բնաջնջման մասին››:

Այս է հենց այն պատճառը, որի համար Ամերիկան պետք է վերջապես վերջ տա այլ բառերի փնտրտուքին և բառախաղին, երբ հարցը վերաբերում է Հայոց ցեղասպանությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել