Սահակաշվիլին որդեգրել է ագրեսիվ նացիոնալիստական հռետորիկա՝ հատկապես Ջավախքի, վրացահայության ու մասնավորապես Վահագն Չախալյանի թեմաներին անդրադառնալիս։
«Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ մեծ սխալ էր Չախալյանին ազատ արձակելը, քանի որ նա ավիրել էր Ջավախքում վրացական թեմն ու համալսարանը, և նա մեծ վտանգ է տեսնում Չախալյանի կողմից։ Սահակաշվիլին բացահայտ կերպով հայտարարում է, որ Ջավախքում վարած պետական քաղաքականությունը միտված է եղել, որպեսզի ջավախահայությունն ավելի վրացական դառնա, իսկ վրացերենը դառնա «հաջողության լեզու» և գերակայի այս տարածաշրջանում։
Սահակաշվիլին նաև նշել է, որ ժամանակին վրացական բանակի ու ոստիկանության ստորաբաժանումները չէին կարողանում մուտք գործել Ջավախք, որովհետև այնտեղ ռուսական ռազմաբազա կար, իսկ բնակչությունը վրացերեն ընդհանրապես չէր խոսում, իսկ հիմա արդեն 6-7-րդ դասարանցի երեխաներն են վրացերեն խոսում և եթե չլինեին Իվանիշվիլու կառավարության սխալ որոշումները, ապա Ջավախքը հավակնում էր դառնալ կարևորագույն երկաթուղային հանգույց Եվրոպայի համար, կենսամակարդակը կբարձրանար մոտակա 10 տարիների ընթացքում 2-3 անգամ, իսկ 6 տարի հետո Ջավախքի բնակչության մեծամասնությունը կխոսեր վրացերեն։ Նաև սրա համար նա չի վավերացրել տարածաշրջանային լեզուների մասին եվրոպական խարտիան։
Պարոնայք, սա ուղղակի հայտարարություն է, որ Վրաստանում վարվում է ասսիմիլիացիոն քաղաքականություն և թեև համեմատած ծայրահեղ նացիոնալիստական հայտարարություններին այն բավականին անմեղ է հնչում, բայց սա ավելի վտանգավոր քաղաքականություն է, քան գամսախուրդիական «Վրաստանը՝ վրացիների համար» կարգախոսը։
Սակայն ամենացավալին այն է, որ վրացահայությունը գրեթե չէ հակազդում այս ամենին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել