«Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջը հայտարարել է, որ Հայոց Ցեղասպանության մասին իր նկարահանած ֆիլմի շուրջ տարօրինակ բաներ են կատարվում։

Դրվագ «Խոստումը» ֆիլմից

Դերասաններ Դանիել Խիմենես Կաշոն ասել է, որ ֆիլմի նկարահանումներից առաջ նրա հետ կապ էր հաստատել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը, ով հեռախոսազրույցի ժամանակ ներկայացնում ու պնդում էր իր երկրի ընտրած դիրքորոշումը, թե 20-րդ դարի սկզբին 1.5 միլիոն հայերի ցեղասպանությունը իրականում երբեք էլ չի եղել։

2016 թվականի սեպտեմբերին Տորոնտոյի Ֆիլմերի միջազգային փառատոնին տեղի ունեցավ «Խոստումը» ֆիլմի պրեմիերան, որից անմիջապես հետո Internet Movie Database (IMDb) կայքում ավելի քան 55.000 օգտատեր 10 աստղանի գնահատման համակարգից 1 աստղով էր գնահատել ֆիլմը, մինչդեռ ընդամենը երկու-երեք հազար մարդ էր հասցրել դիտել այն։

Սա դեռ ամենը չէ. «Խոստումը» ֆիլմի պրեմիերայից ընդամենը վեց շաբաթ անց դուրս եկավ մեկ այլ ֆիլմ, որի հեղինակներն անիրական զուգահեռներ են փորձում անցկացնել երկու ֆիլմերի միջև։ Ինչպես «Խոստումը» ֆիլմում, «Օսմանյան լեյտենանտը» կինոնկարը ևս պատմում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մի սիրային եռանկյունու մասին։ Սակայն, ի տարբերություն Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմի, «Օսմանյան լեյտենանտը» ֆիլմի դերասաններ Միխիլ Հյույսմանն ու Ջոշ Հարթնեթը լուրջ քննադատությունների ենթարկվեցին պատմությունը խեղաթյուրելու համար։

Միխիլ Հյույսմանը, Հերա Հիլմարը և Ջոշ Հարթնեթը, դրվագ «Օսմանյան տեյտենանտը» ֆիլմից

Երկու ֆիլմերի միջև ընթացող ճակատամարտը ցույց է տալիս, թե ինչ ջանասիրությամբ է Թուրքիան փորձում ամեն հնարավոր ու անհնարին եղանակներով փոփոխել պատմական փաստերը։ 1915 թվականին օսման թուրքերը, վախենալով, որ քրիստոնյա հայերը պատերազմում իրենց դեմ դուրս կգան, սկսեցին դաժանորեն կոտորել նրանց։ ՄԱԿ-ը, Հռոմի Կաթոլիկ եկեղեցին, Եվրոպական խորհրդարանը, բազմաթիվ պատմաբաններ ու գիտնականներ այդ վայրագությունները պաշտոնապես ճանաչել են որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։

Բայց Թուրքիան պնդում է, որ Առաջին աշխարհամարտի տարիներին պատերազմական գործողություններից բազմաթիվ հայեր ու թուրքեր են զոհվել, ինչը նախօրոք կազմակերպված չի եղել։ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2014-ին հայտարարեց, որ ցավում է մոտ 100 տարի առաջ զոհված հայերի համար և իր խորին ցավակցություններն ուղարկում նրանց ժառանգներին։ Բայց իր խոսքում նա նշել է, որ նրանք բոլորը, որոնց թվում բազմաթիվ օսման թուրքեր ու այլազգիներ կային, զոհ են գնացել միմիայն պատերազմի պատճառով, այլ ոչ թե կազմակերպված ցեղասպանության։

«Օսմանյան լեյտենանտը» պատմում է մի խիզախ թուրք սպայի մասին, ով ամերիկացի բուժքույրի հետ օգնում է պատերազմում վիրավորված հայերին. այսպես նրանք փորձում են հաստատել Թուրքիայի կողմից ներկայացված պատմական փաստերը։

Թերի Ջորջը «Խոստումը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։

ԱՄՆ հելլենիկյան խորհուրդը միացել է ֆիլմը բոյկոտողների թիմին և իր դիրքորոշման մեջ նշել, որ թուրքական իշխանությունների պատվերով նկարահանված ֆիլմի ակնհայտ նպատակն է կրճատել «Խոստումը» ֆիլմը դիտողների քանակն ու ցեղասպանության մասին փաստերը ներկայացնել մեկ այլ տեսանկյունից, որոնք, իհարկե, իրականությանը չեն համապատասխանում։

«Այն կարծես մեր ֆիլմի կրկնօրինակը լինի՝ ներկայացված հայելու մյուս կողմից, և վարում է ամբողջովին ժխտողական քաղաքականություն»,- նշել է Թերի Ջորջը՝ ավելացնելով, որ կասկածներ ունի, որ Էրդողանի մատը խառն է այս հարցում։

Ֆիլմի նկարահանումներն արվել են Մալթայում, Իսպանիայում և Պորտուգալիայում։ Բնականաբար, ֆիլմի դերասանների և ռեժիսորական կազմի անվտանգությունը հատուկ աշխատակիցներ էին ապահովում, քանի որ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ անհայտ անձինք զանգահարել են ու առանց ներկայանալու սպառնալիքներ հասցրել։

Սրանից առաջ էլ՝ դեռ 20-րդ դարին, Հայոց ցեղասպանության մասին ֆիլմեր նկարահանելու բազմաթիվ փորձեր են արվել, սակայն թուրքական ճնշումների ազդեցության տակ ծրագրերը կա՛մ չեղարկվել, կա՛մ էլ դադարեցվել են։ Երբ 2002 թվականին Ատոմ Էգոյանը նկարահանում էր «Արարատ» ֆիլմը, նրան պարբերաբար սպառնում էին, որ եթե չդադարեցնի ֆիլմի նկարահանումները, ապա արդյունքում կտուժեն Թուրքիայում ապրող հայերը։

Հավանաբար Թուրքիայում կարգելվեն «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունները, իսկ «Օսմանյան լեյտենանտը» էկրաններին կբարձրանա մայիսի 19-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել