բացել լրահոսը
21.04.2017  17:00

Կոռուպցիան և Ադրբեջանի իշխանությունները

Armen Hovasapyan

Картинки по запросу ԿոռուպցիաՓորձեմ ներկայացնել Իլհամ Ալիևի նախագահության տարիների որոշ առանցքներ. կարող ենք փաստել, որ Ալիևի վարած քաղաքականության թերևս ամենակարևոր ու հատկանշական գծերից առանձնանում է երկրի աննախադեպ ռազմականացումը, ծանր, առաջին հերթին` գրոհային նշանակության սպառազինությունների ծավալուն գնումները, Ադրբեջանի ռազմարդյունաբերական համալիրի ստեղծումը: Իսկ քաղաքական առումով Ալիևի նախագահության ամենահատկանշական գիծը դարձավ միանձնյա բռնատիրական համակարգի ուժեղացումն ու սահմանադրական ձևակերպումը:

2009թ. սահմանադրական «բարեփոխումների» արդյունքները ոչ միայն հնարավորություն ընձեռեցին Իլհամին «ցմահ» նախագահ դառնալու, այլև այդ հնարավորությունը կապեցին Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման և հակամարտությունը երբևէ չդադարեցնելու հետ: Ակնհայտ են նաև Ադրբեջանի մոնոտնտեսական համակարգին և «Ալիևի դոկտրինին» բնորոշ վտանգները: Դրանք մի քանիսն են: Նախ՝ հայտնի ճշմարտություն է, որ հիմնականում ածխաջրածինների վրա կառուցված տնտեսական համակարգը, թույլ զարգացած հասարակական կառույցների և ժողովրդավարական ինստիտուտների սաղմնային մակարդակի պարագայում հանգեցնում է ողջ տնտեսության միակողմանի, ձևախեղված զարգացմանը, խորացնում դեպի բռնատիրություն քաղաքական համակարգի շարժը, սաստկացնում կոռուպցիան, սահմանափակում տնտեսական ու հասարակական ազատությունները: Բոլոր այս հանգամանքներն ընդգծված կերպով առկա են ներկայիս Ադրբեջանում:

1993-2010թթ. ընթացքում Ադրբեջանի ոչ նավթային ոլորտներում Արտաքին ուղիղ ներդրումները (FDI) 1 կազմել են մոտ $4.4 մլրդ: Այս ծավալի մոտ 1%-ը ($4.5 մլն) բաժին է ընկել գյուղատնտեսության ոլորտին, որտեղ, սակայն, զբաղված էր աշխատունակ բնակչության մոտ 40%-ը: Այսպիսով՝ գյուղատնտեսության ոլորտում մեկ աշխատավորի հաշվով 1993-2010թթ. համար ուղիղ ներդրումները կազմել են ընդամենը $3.0/մարդ: Մյուս կողմից՝ համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Ադրբեջանում արդյունաբերական ոլորտում զբաղված է մոտ 200 հազ. մարդ (աշխատուժի մոտ 5.3%-ը): Ընդ որում՝ բուն ածխաջրածինների արդյունահանման ասպարեզում 2005թ. զբաղված էր 40.8 հազար, իսկ 2010թ.՝ արդեն 35.3 հազար մարդ:

Եթե ընդունենք, որ նշված ժամանակահատվածում ածխաջրածինների արդյունահանման ասպարեզում անմիջականորեն զբաղված էր միջինը մոտ 40 հազ. մարդ, ևս նույնքանը զբաղված էր ածխաջրածինների հետ կապված հիմնադրամներում (ԱՆՊՀ, Հ.Ալիևի հիմնադրամ), բանկային համակարգում, տարատեսակ գրասենյակներում և այլ հարակից կառույցներում, ապա այս 80 հազար «ոսկե բանակի» մեկ շնչի հաշվով կստանանք $416.3 հազ./մարդ արտաքին ուղիղ ներդրումներ: Ստացվում է՝ մոտ 139 հազար անգամ ավելի, քան, օրինակ, գյուղատնտեսության ոլորտի աշխատողների համար: Անտարակույս, նման անհամամասնությունը լուրջ սոցիալական լարվածություն է առաջացնում ադրբեջանական հասարակությունում: Առավել ևս, որ այս ոլորտին բնորոշ են առանձին անհատների արագ գերհարստացումը, կոռուպցիան և տարատեսակ այլ չարաշահումներ:

Թրանսփարենսի ինթերնեյշնլ միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության գնահատականներով՝ 90-ականների ողջ ընթացքում Ադրբեջանն աշխարհի ամենակոռումպացված երեք երկրների շարքում էր: 2011թ. սեպտեմբերի 6-ի հաղորդագրությունում «Ալ Ջազիրան» տեղեկացնում է, որ համաձայն Wikileaks-ի 2011թ. սեպտեմբերի սկզբին հրապարակված ԱՄՆ դեսպանությունների հաղորդագրությունների նոր չափաբաժնի՝ 2010թ. փետրվարով թվագրված մի նյութ վկայում է, որ կոռուպցիան, հատկապես Ադրբեջանի մաքսային ծառայություններում, ունի համատարած բնույթ, իսկ Ադրբեջանի ԱԻՆ-ը բնութագրվել է որպես «կթու կով» Բաքվի էլիտայի համար:

Համաձայն Foreign Policy ամսագրի և Fund for Peace կազմակերպության կողմից հրապարակվող «Խափանված երկրների ցանկը» (Failed States Index) վարկանիշային գնահատականների՝ Ադրբեջանի սոցիալ-տնտեսական համակարգին բնորոշ են տնտեսության առանձին ոլորտների անհավասարաչափ զարգացման, քրեականացման և պետական կառույցների ապալեգիտիմացման, ինչպես նաև կլանային խմբավորումների ազդեցության բարձր ցուցանիշներ` տարածաշրջանի երկրների մեջ ամենաբարձրերից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 907 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝