Յուքոմ ցանցում հեռարձակվող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքի լավագույն նախագծերից մեկի՝ «Չեյնջ» սիթքոմի երկրորդ եթերաշրջանն ընթացքի մեջ է: Ինչպես և առաջին եթերաշրջանում, նոր սերիաներում ևս հումորային նախագիծը շարունակում է լարված ու ինտրիգային մնալ հեռուստադիտողի համար:
Նոր կերպարներ, անսպասելի զարգացումներ. գլխավոր հերոսի կյանքում իսկական խառնաշփոթ է, որից նա ոչ մի կերպ չի կարողանում գլուխ հանել: Սիթքոմի գլխավոր դերակատարներից մեկի՝ դերասանուհի Լիլիթ Հարոյանի հետ BlogNews.am-ը զրուցել է ինչպես նկարահանումներից, այնպես էլ նրա առօրյայից ու հետաքրքրություններից։
«Իմ ամուսնու փոխարեն ես ապրում եմ ուրիշ տղամարդու հետ, բայց չգիտեմ, որ նա իմ ամուսինը չէ. ահա այսպիսի բարդ իրավիճակում է հայտնվել իմ հերոսուհին սիթքոմի երկրորդ եթերաշրջանում», - պատմում է Լիլիթն ու հավելում, որ այս պահին էլ շարունակվում են նկարահանումները, ու թե ինչ կլինի իր կերպարի հետ, գիտեն միայն սցենարիստները:
Լիլիթի հետ զրուցեցինք նաև ֆիլմից դուրս զբաղվածության մասին: Դերասանուհին, պարզվում է, մասնագիտությամբ հոգեբան է և ունի հոգեբանական սեփական կենտրոնը, որտեղ ինքը որպես հոգեբան շփվում է այցելուների հետ ու մասնագիտական խորհրդատվություն անցկացնում. «Ավարտել եմ ԵՊՀ-ի հոգեբանության ֆակուլտետը, մագիստրոսի աստիճան ունեմ ու իմ մասնագիտական աշխատանքը ևս շատ եմ սիրում»:
Բացի սիթքոմից՝ մոտ ապագայում դերասանուհին խոստանում է իր հեռուստադիտողին ներկայանալ նոր ձևաչափում ևս. «Հաղորդում վարելու առաջարկ եմ ստացել, որին մեծ հաճույքով համաձայնել եմ: Այնպես որ, շուտով նաև հաղորդավարուհու կարգավիճակում կներկայանամ հեռուստադիտողին: Իսկ թե ինչ հաղորդում է դա և որ ալիքով է լինելու, առայժմ ասել չեմ կարող»:
Ու չնայած Լիլիթի առօրյայի այս հագեցվածությանը՝ դերասանուհին հասցնում է զբաղվել յոգայով, առողջ ապրելակերպ վարել և պարի հաճախել: Միակ բանը, որ բոլորովին չի հետաքրքրում Լիլիթին, քաղաքականությունն է. «Շատ է լինում, որ իմ ներկայությամբ քաղաքական թեմաներ քննարկվեն ու ես բոլորովին անտեղյակ լինեմ դրանցից: Երբեք չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ»: Երիտասարդ դերասանուհին խոստովանում է, որ հատուկ թուլություն չունի նաև «նորաձևություն» ասվածի հանդեպ: «Հագնում եմ այն, ինչի մեջ ինձ հարմարավետ եմ զգում: Չեմ ասի, որ չեմ հետևում սեզոնային թրենդներին, մանավանդ երանգների ընտրության հարցում, բայց ընդհանուր առմամբ՝ ինձ նորաձևությանը կարևորություն տվող մարդ չեմ համարում, դե իսկ բրենդների հարցում, կարելի է ասել, կատարյալ անտարբեր եմ: Ոչ մի նշանակություն չունի՝ ինչ անուն է գրված իմ հագուստի պիտակի վրա, կարևորը՝ այն ինձ չկաշկանդի և սազի»:
Ինչ վերաբերում է թե՛ «Ֆուլ հաուսում» և թե՛ «Չեյնջ» սիթքոմում իր մարմնավորած կերպարներին, ապա դերասանուհին նշում է, որ սիրով է խաղում նման ֆորմատի նախագծերում: Սակայն «Քավարան» ֆիլմում իր խաղացած դերն առանձնացնում է նրանով, որ այն հնարավորություն տվեց իրեն հեռուստադիտողին ներկայանալու որպես դրամատիկ դերի դերասանուհի:
Հիշեցնենք, որ դերասանուհի Լիլիթ Հարոյանի մասնակցությամբ «Չեյնջ» սիթքոմը Արմենիա Պրեմիումի եթերում է լինում յուրաքանչյուր երեքշաբթի ու հինգշաբթի՝ 22:00-ին:
Նյութը՝ Արմինե Հայրապետյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի