Tert.am-ը գրում է.
 Մոսկվայում ապրիլի 19-ին սպանվել է քաղաքի հարավային մասում գտնվող առևտրի կենտրոնի սեփականատեր, գործարար Ալեքսանդր Բաղիրյանը, հայտնում է «Московский Комсомолец»-ը:
 Բաղիրյանը մահացու վիրավորվել է իր գրասենյակի մոտ՝ թիկնապահների և ականատեսների աչքի առաջ, որոնք չէին սպասում, որ գործարարի նախկին գործընկերը կարող է ատրճանակ պարզել նրա վրա ու կրակել, գրում է կայքը:
 Ինչպես հայտնի է դարձել «МК»-ին, ժամը 21:00-ի մոտակայքում 61-ամյա Բաղիրյանն անվտանգության ուղեկցությամբ դուրս է եկել բիզնես կենտրոնից, որի ժամանակ հնչել են կրակոցները: Գործարարի ուղղությամբ արձակվել է առնվազն հինգ փամփուշտ:
 Հաղորդվում է, որ նախկինում տղամարդիկ համատեղ գործունեություն են ծավալել՝ նրանք Մոսկվայի մարզում ալկոհոլային արտադրանքի համար ապակե տարաների պատրաստման փոքր գործարան են ունեցել: Գործընկերոջ խոսքով՝ Բաղիրյանն իրեն մոտ 3 միլիոն դոլար է պարտք եղել:
 Նշվում է, որ չորեքշաբթի տղամարդը եկել է Բաղիրյանի գրասենյակ, նախ խոսակցությունն ընթացել է խաղաղ, և պարտատերը խոստացել է վերադարձնել գումարը, բայց երբ տղամարդիկ դուրս են եկել փողոց և ուղղվել դեպի մեքենաները, նա, գործընկերոջ խոսքով, հրաժարվել է իր խոսքերից և հայտարարել է, որ գումարը չի վերադարձնի: Այդ ժամանակ էլ ձեռնարկատերը կրակ է բացել:
 Բաղիրյանը որովայնի հատվածում հրազենային վնասվածքով ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց մահացել է:
 Սպանվածի թիկնապահը բռնել է կրակողին և հանձնել դեպքի վայր ժամանած իրավապահներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել