22.03.2013, ԵՐԵՎԱՆ
ՀՀ մշակույթի նախարարությանը
Պատճենը՝ Քըրք Քըրքորյանին, Սերժ Թանկյանին և Շարլ Ազնավուրին

Հայրենասիրական պիեսի իրադարձությունների համառոտ նկարագրություն (ֆաբուլա)

ՄԵԳԱՓԱԳԱ
(Ուտոպիկոմեդիա՝ մեկ գործողությամբ)

Թագավորը մտախոհ ճեմում է պալատում, նրան հանգիստ չեն տալիս երկրի՝ Մեգափագայի հոգսերը, առավել եւս այն, որ իր սիրելի հպատակներից շատերը իրեն չեն սիրում: Արքան խիստ նեղսրտած է, որ գուցե ինքն արժանի չէ իր գահին: Քանի որ իր հպատակներից շատերը իրեն չեն սիրում: Ավելին, այդ մարդկանց մեջ կան նաև կանայք, երեխաներ և ծերեր, ինչն ավելի ողբերգական է դարձնում արքայի ներքին հոգեվիճակը: Ավելին, արքային չսիրողներից մի քանիսը ոչ միայն նրան պարզապես չեն սիրում, այլև պալատի կողքով հոսող գետի մյուս ափին հավաքվել և բարձրաձայն խոսում են այդ մասին: Այս կուռ հիմնավորումների կարծես չավարտվող շարքը արքային գահից հրաժարվելու այլընտրանք չի թողնում: 

Պալատում հավաքված դքսերը, կոմսերը և մեկ մարկիզ հորդորում են արքային՝ կամուկացի վրա ժամանակ չկորցնել, քանի որ պահն օրհասական է: Պնդում են, որ պետք է անմիջապես պատշգամբից դուրս նետել արքայական թագը՝ որպես խոհեմության և բարոյականության դրսեւորում: Արքան դեռ կամուկացի մեջ է, գուցե վա՞ղը: Բանն այն է, որ նա այսօր անձամբ էքսկուրսիա պետք է անցկացնի թագավորական գանձարանում Մեգափագայի անտառապահների և փականագործների երեխաների համար: Իսկ երկրի գլխավոր օրենքը նման լիազորություն տալիս է միայն արքային: Նրա աչքի առաջով անցնում են հիասթափված երեխաների դեմքերը, թագավորի սիրտը կծկվում է, և նա այնուամենայնիվ մեկ օրով հետաձգում է հրաժարականը:

Այնուամենայնիվ դքսերն ու կոմսերը վերադառնալով իրենց կալվածքներ՝ իջեցնում են իրենց վասալներին սյուների վրայից, ուղտի ճրագու բաժանում նրանց (ռեկվիզիտը չճարելու դեպքում կարելի է մարգարին օգտագործել), որպեսզի բուժեն վերքերը, ու մի մեծ խրախճանք կազմակերպում նրանց համար: Չէ՞ որ վաղը նոր ու պայծառ օր է սկսվելու: Եվ միայն մարկիզն է, չգիտես ինչու, փախչում Մեգափագայից, թերեւս միայն իր համար հասկանալի պատճառներով:

Հաջորդ օրը պալատի հրապարակ է գալիս Մեգափագայի գլխավոր Քուրմը՝ ոտաբոբիկ, գլխաբաց, կոպիտ քաթանից հանդերձանքով և հենված ծիրանենու անմշակ ճյուղից սարքած ճամփորդական գավազանի վրա: Նա կոչ է անում համախմբվել և վերջ տալ չարությանն ու ատելությանը: Հենց այդ պահին, գրեթե միաժամանակ հրապարակ են գալիս արքան՝ պալատի դռնից դուրս գալով, և նրան չսիրողների առաջնորդը՝ բակի դարպասից ներս մտնելով: Երբ Քուրմը արտասանում է վերջին բառերը՝ և սա է Մեգափագայի միակ ապագան, նրանք երեքով միաժամանակ սկսում են լացել ու գրկախառնվում են: Հանկարծ տիրում է համատարած բարիություն: (Քանի որ դժվար է համատարած բարիացումը ցուցադրել էքսպրեսիայի միջոցով, կարելի է որպես խորհրդանիշ օգտագործել երկնքից թափվող գունավոր կանֆետիներ):

Կողպեքները վար են ընկնում զնդանների երկաթյա դռներից, և խուցերից դուրս են գալիս լուսավոր մարդիկ: Նրանցից ոմանք հենց բանտի բակում պատահաբար հայտնաբերում են բահեր և ծիրանենիների տնկիներ ու անմիջապես սկսում տնկել դրանք: Դքսերից մեկը անմիջապես հայտարարում է, որ նվիրում է իր ունեցվածքը իր գառնարածներին: Մյուս դքսերը սկսում են ծեծել կրծքերը, թե ինչու դա առաջինը չանցավ իրենց մտքով: Բոլորը գրկախառնվում են և սկսում հեկեկալ երջանկությունից:

Համատարած բարիացման կուլմինացիայի ժամանակ գլխիկոր և հիմար ժպիտով ներս է մտնում հարևան թշնամի պետության բանագնացը, ծնկում է արքայի և նրան չսիրողների առաջնորդի առաջ ու նրանց ուղղությամբ մեկնում իր տիրոջ նամակը: Արքան առաջարկում է իրեն չսիրողների առաջնորդին վերցնել նամակը, առաջնորդը հրաժարվում է և առաջարկում դա անել արքային, այդպես մի քանի անգամ կրկնվում է, մինչեւ նրանցից մեկը (ռեժիսորի հայեցողությամբ) ներողամիտ ժպիտով վերցնում է նամակը և բարձրաձայն կարդում: Այնտեղ գրված է լինում մոտավորապես հետեւյալը՝ սիրելի թշնամիներ, մենք հասկացանք, որ երբեք չենք կարող ձեր պես համերաշխ լինել, մենք հեռանում ենք մեր հողից, եկեք ու տիրություն արեք նրան, դուք դրան արժանի եք: Բոլորը սկսում են գոռալ՝ ուռա՜, հաղթանա՜կ և այլն:
ՎԱՐԱԳՈՒՅՐ

Հ.Գ. Եթե կարծում եք, որ շատ երկար է ստացվում կամ մի քիչ չափազանցված, կարելի է երկրից փախչող մարկիզի հատվածը հանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել