Image result for алиев в замешательствеԱպրիլի 23-ին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների առաջին փուլին բավական լուրջ պատրաստվում էին նաև Բաքվում: Իլհամ Ալիևն իր կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով տարրական ուղղորդում էր ֆրասնաբնակ փոքրաթիվ ազերի ընտրողներին, թե ում տան իրենց «թանկագին» ձայները: Ալիևյան գրպանային կայքերից մեկը, վերլուծելով նախագահի թեկնածուների հակաթուրքական և հակաադրբեջանական գործունեությունը, կոչ էր արել ազերիներին իրենց ձայնը տալ «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենին, ով ավելի քիչ հակաթուրք էր ներկայացվել, քան երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, ով, հարցազրույց տալով Nouvelles d՛Arménie պարբերականին, ասել էր. «2016 թ-ին վեց օր Հարավային Կովկասը կրկին կրակի ճիրաններում էր: Հույսը դնելով միջազգային հանրության չմիջամտության վրա՝ Ադրբեջանը փորձեց ուժով գրավել Լեռնային Ղարաբաղը: Պետք չէ մոռանալ, որ այս իրավիճակը Ղարաբաղում ստեղծվել է Ստալինի պատճառով, ով 1921 թ-ին այն անջատեց Հայաստանից հօգուտ Ադրբեջանի»: Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆիյոնի դիրքորոշումը ևս դուր չէր եկել Անկարայի հարավկովկասյան սատելիտին՝ Բաքվին:
Սակայն ապրիլի 19-ին նույն Nouvelles d՛Arménie-ին այս անգամ արդեն հրապարակեց ազերիների նախընտրելի թեկնածու Մարին Լը Պենի հարցազրույցը, որը նոկդաուն էր «լըպենասեր» թուրքերի համար: Մարին Լը Պենը, պաշտպանելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրենքն, անդրադարձել է նաև Արցախյան խնդրին: «Լավ լուծում կլիներ, եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գային, ու Լեռնային Ղարաբաղը միացվեր Հայաստանին», - ասել է Լը Պենը՝ հավելելով, որ նման լուծումն ավելի ցանկալի է, քան Արցախի անկախությունը: Սա շռնդալից հարված էր ալիևյան տխրահռչակ վերլուծաբաններին: Մեկ օր առաջ ազերիների կողմից գովազդվող Լը Պենը կասկածի տակ է դնում Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը»: Ու դեռ ավելին..․ Տիկին Լը Պենը գտնում է, որ Արցախը պետք է դառնա Հայաստանի մաս:
Ազերիներին ևս մեկ հարված հասցրեց նույն Nouvelles d՛Arménie-ին հարցազրույց տված նախագահի ևս մեկ թեկնածու՝ Նիկոլա Դյուպոն-Էնյանը, ով, անդրադառնալով Փարիզում հայկական հիշողության կենտրոն ստեղծելու ծրագրին, ասել է, որ կողմ է դրան: «Շատ ազգեր են Փարիզում Ֆրանսիայի աջակցությամբ ստեղծել ազգային կենտրոն կամ հուշահամալիր: Այդ կենտրոնները Ֆրանսիայի բաց լինելու ավանդույթն են ներկայացնում»,- ասել է նա: Ազերիական մամուլը Դյուպոն-Էնյանին մեղադրել է հայամետության մեջ: Իսկ ովքեր հայամետ են, ըստ ազերիների, Բաքվի թշնամին են:
Մտնելով խոշոր «խաղի» մեջ և կարծիք հայտնելով, թե ում է Ադրբեջանը ցանկանում տեսնել որպես Ֆրանսիայի ապագա նախագահ, Իլհամ բաբան ընկավ իր իսկ ծուղակը: Հիմա ստիպված է նախընտրած թեկնածուին փոխել: Հիմա երևի Ֆիյոնն ավելի լավն է Ալիևի համար, քան Լը Պենը:
Չնայած, եթե ալիևյան ԶԼՄ-ները մի փոքր խելք ունենան, էլ չեն անդրադառնա այս թեմային: Դա Ալիևի «հագով» չէ: Նավթախավիարային դիվանագիտությունն այդտեղ օգուտ չի տա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել