Յուքոմ ցանցում հեռարձակվող Արմենիա Պրեմիում հեռուստաալիքով ցուցադրվող «Եղնիկների կածանը» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը 15-ամյա Սոֆի Դևոյանն է, ով մարմնավորում է գլխավոր հերոսի դստերը՝ Էսթերին: BlogNews.am-ը երիտասարդ դերասանուհու հետ զրուցել է ինչպես ֆիլմից, այնպես էլ նրա առօրյայից ու հետաքրքրություններից.

Սոֆին նշում է, որ «Եղնիկների կածանը» ֆիլմում նկարահանվելը իր համար ոչ միայն հետաքրքիր էր, այլ նաև մեծ պատիվ. «Շատ երջանիկ եմ, որ նման խմբի հետ եմ աշխատել: Ինձ համար իսկապես մեծ պատիվ էր խաղալ տաղանդավոր ու մեծ վաստակ ունեցող դերասանների հետ: Առաջին հերթին շնորհակալ եմ պարոն Քեշիշյանին, որ ինձ ընձեռեց այս հնարավորությունը: Ես համոզված եմ, որ այս ֆիլմում ձեռք բերած իմ փորձը դեռ շատ է ինձ պետք գալու»:

«Ինչ վերաբերում է իմ կերպարին, ապա այն ինձ շատ հարազատ էր. համառ, ինքնուրույն, հասուն, վստահ ու համարձակ աղջիկ է Էսթերը, այնպիսին, ինչպիսին ես եմ: Երևի դա է պատճառը, որ շատ հեշտ խաղացի կերպարս: Սակայն, ի տարբերություն Էսթերի, իրականում ես հայրիկիս հետ շատ կապված եմ: Փոքրուց միշտ պապայի աղջիկ են ինձ ասել, շատ կապված եմ նրա հետ, թեև մամայիս էլ անչափ շատ եմ սիրում: Իսկ Էսթերը շատ է տառապում իր ծնողների բարդ հարաբերությունների պատճառով»: 

Սոֆին ասում է, որ դերում քասթինգով է հաստատվել. «Ինձ հետ միասին շատ աղջիկներ էին մասնակցում քասթինգին: Շատ անհամբեր էի սպասում պատասխանին: Երբ ասացին, որ հաստատվել եմ, երջանկությանս չափ չկար: Չեք պատկերացնի՝ որքան շատ էի ուզում խաղալ Էսթերի դերը»:

 

Սոֆիի հետ զրուցեցինք նաև նրա առօրյայից ու դասերից: Տասնհինգամյա դերասանուհին, բացի ֆիլմերում ու սերիալներում նկարահանվելուց, նաև պարում է. «Զբաղվածությունս շատ-շատ է ներկա պահին, անընդհատ փորձեր, փորձեր: Պարում եմ Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոնի «Արմելադ» պարային համույթում, և մայիսի 9-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի բեմին մենահամերգ ենք ունենալուԱյս ամենի հետ նաև դպրոց, դասեր, պարապմունքներ ու նկարահանումներ «Կայարան» սերիալում: Օրերս նաև իմ առաջին՝ «Ժառանգություն» պարային տեսահոլավակն ենք հասցրել նկարահանել, որի պրեմիերան կկայանա այս ուրբաթ, ժամը 19:30-ին, ArmNews հեռուստաալիքի «Երեկոյան Երևան» ծրագրի շրջանակներում, որի ուղիղ եթերին, ի դեպ, հյուր եմ լինելու: 

Այն հարցին, թե արդյոք չի խանգարում այս լարված գրաֆիկն իր դասերին, Սոֆին պատասխանում է, որ հասցնում է, իսկ ապագա մասնագիտության հարցի շուրջ Սոֆին դեռ մտածում է. «Կարծում եմ՝ կա՛մ Գեղարվեստի ակադեմիա, կա՛մ էլ Թատերական ինստիտուտ կփորձեմ ընդունվել: Ամեն դեպքում ես իմ ապագան արվեստի մեջ եմ տեսնում: Իսկ կողմնորոշվելու համար դեռ ժամանակ ունեմ»:

Շաբաթվա մեջ Սոֆին ազատ ժամանակ միայն կիրակի օրն է ունենում: Սիրում է հանգստյան օրն անցկացնել ընտանիքի ու ընկերների հետ. «Կիրակին մեր ընտանիքի օրն է: Բոլորն ազատ են այդ օրը: Սակայն հասցնում եմ նաև ընկերներիս հետ շփվել, զբոսնել, ինչ-որ հետաքրքիր վայր այցելել: Շատ եմ սիրում նկարել: Փորձում եմ նաև դրա համար ժամանակ գտնել»:

«Եղնիկների կածանը» ֆիլմի մասին պատանի դերասանուհին ասում է, որ սցենարը կարդալու պահին է արդեն տպավորվել. «Այս ֆիլմն ինձ շատ բան տվեց: Այնքա՜ն շատ են զգացմունքներս: Միայն մի բան եմ ուզում ասել. մեր երկրում թող խաղաղություն լինի, բոլոր երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ, ու պատերազմ այլևս երբեք չտեսնենք»:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել