Image result for Ле ПенՉնայած այն հանգամանքին, որ Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցիների թիվը բավական փոքր է, դա չի խանգարում Իլհամ Ալիևին, որ իր վերահսկողության տակ գնտվող ԶԼՄ-ների միջոցով ուղղորդի ֆրանսաբնակ ադրբեջանցիներին, թե ում նրանք ձայն տան ապրիլի 23-ին Ֆրանսիայում կայանալիք հերթական նախագահական ընտրությունների առաջին փուլում: Առաջին հայացքից շատ տարօրինակ թեկնածուի են նախընտրել Բաքվում: «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարի Լը Պենը համարվում է ծայրահեղական-ազգայնական հայացքներ կրող քաղաքական գործիչ, որը կտրականապես դեմ է մահմեդականների ներգաղթին Ֆրանսիա և ընդհանրապես չի էլ թաքցնում իր հակամահմեդական հայացքները: Սակայն լավ ուսումնասիրելով Լը Պենի հիմնական հակառակորդին՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի ելույթները՝ կարելի է հասկանալ մեր արևելյան հարևանների նախընտրության պատճառը: Իլհամ Ալիևը, ըստ ազերիների շահերի, ստիպված է ընտրություն կատարել շատ վատի՝ Ֆիյոնի և վատի՝ Լը Պենի միջև:
Ադրբեջանում հիստերիայի պատճառ է դարձել Ֆիյոնի հարցազրույցը Nouvelles d’Armenie-ին, որում վերջինս իր դիրքորոշումն է հայտնել մեկ տարի առաջ Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ: «2016 թ-ին վեց օր Հարավային Կովկասը կրկին կրակի ճիրաններում էր: Հույսը դնելով միջազգային հանրության չմիջամտության վրա՝ Ադրբեջանը փորձեց ուժով գրավել Լեռնային Ղարաբաղը: Պետք չէ մոռանալ, որ այս իրավիճակը Ղարաբաղում ստեղծվել է Ստալինի պատճառով, ով 1921 թ-ին այն անջատեց Հայաստանից հօգուտ Ադրբեջանի», -ասել է Ֆիյոնը Nouvelles d’Armenie-իի լրագրողին: Ադրբեջանցիները Ֆիյոնին մեղադրում են պատմություն չիմանալու և անգրագիտության մեջ: Ասեմ, ով Ֆիյոնը պետք է ուրախ լինի, որ Բաքվում նրան անգրագետ են համարում, քանի որ թուրք-ազերիական պատմությունը բացարձակ չի համապատասխանում աշխարհում ընդունվածի հետ և ավելի շատ ֆանտաստիկ ստեղծագործություն է հիշեցնում: Ֆիյոնի վրա խաչ դնելով՝ ազերիները սկսել են ուսումնասիրել Ֆիյոնի հիմնական հակառակորդին՝ Լը Պենին, ով ևս հայտնի է իր հակաթուրքական հայացքներով:
Բայց Բաքվում, ուսումնասիրելով Լը Պենի հակաթուրքական գործունեությունը, պարզել են, որ քննադատների կողմից որպես ֆաշիստ պիտակավորված Լը Պենը ընդամենը մեկ անգամ է իր ստորագրությունը դրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ պահանջի տակ, որը տեղի է ունեցել 2015 թ-ի սկզբին Եվրախորհրդարանում: Որքան կարելի է հասկանալ, Բաքվում նախընտրում են, որ Լը Պենը իշխանության գա Ֆրանսիայում և վռնդի ազերի մահմեդականներին երկրից, քան Ֆիյոնին տեսնեն նախագահի պաշտոնում, որը ճանաչում է Արցախը որպես պատմական Հայաստանի տարածք:
Այս ամենից ևս մեկ բան կարելի է բացահայտել. Արցախը որպես պատմական Հայաստանի մաս ճանաչման և Հայոց ցեղասպանության ճանաչման միջև Բաքվում նախընտրում են երկրոդը: Դա նրանց խնդիրը չէ: Բա ո՞ւր մնաց «Մեկ ազգ, երկու պետություն» Հեյդար Ալիևի հայտնի կարգախոսը: Իլհամ Ալիևը, սեփական շահերից ելնելով, կարող է պարտադրել Թուրքիային գնալ իր շահերին դեմ: Բայց երբ հարցը վերաբերում է Անկարայի շահերին, ապա այստեղ Ալիևը քաշվում է մի կողմ:
Հ.Գ. Հետաքրքիր է նաև, թե ինչպես կարձագանքի մահմեդական աշխարհը, որը դեմ է Լը Պենին, մահմեդական Ադրբեջանից հնչող այս կոչին: Չնայած մահմեդական աշխարհում շատ լավ գիտեն, որ Լենինի ապօրինի «զավակ» Ադրբեջանը նրա նման անհավատի մեկն է՝ աթեիստ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել